Անընդմեջ խոսվում է զբաղվածության, գործազրկության և աշխատանքային իրավունքների մասին:
Իսկ ովքե՞ր են համարվում զբաղված անձինք և ո՞ր գործունեությունն է համարվում զբաղվածություն:
Այս հարցերի պատասխանը կարելի է գտնել «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում:
Մասնավորապես` զբաղվածություն համարվող գործունեության տեսակներն են`
1) գործատուների մոտ վարձու աշխատանքային գործունեությունը (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելը, բացառությամբ վարձատրություն չնախատեսող դեպքերի).
2) անհատ ձեռնարկատիրական և նոտարի գործունեությունը.
3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը.
4) ուսումնական հաստատություններում, մասնագիտական ուսուցման դասընթացներում և ուսուցման այլ ձևերում առկա ուսուցումը:
Զբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված են վերը նշված գործունեության որևէ տեսակով կամ հանդիսանում են գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:
Չզբաղված են համարվում այն գործունակ անձինք, ովքեր զբաղված չեն նշված գործունեության որևէ տեսակով կամ չեն հանդիսանում գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր:
Աղբյուրը` Իրավաբան.net