Կարևորելով հաշմանդամների` որպես հասարակության լիարժեք անդամների իրավունքները, օրենսդիրը սահմանել է որոշակի երաշխիքներ` հասարակության առավել խոցելի մասի զբաղվածության ապահովման ուղղությամբ:
Մասնավորապես` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշմանդամի աշխատանքային զբաղվածության երաշխիքներն ապահովվում են՝
ա) հաշմանդամների աշխատուժն օգտագործող կազմակերպությունների, հիմնարկների, ինչպես նաև հաշմանդամների հասարակական կազմակերպությունների նկատմամբ արտոնյալ ֆինանսատնտեսական քաղաքականության իրականացմամբ.
բ) կազմակերպություններում հաշմանդամներին աշխատանքի ընդունելու համար քվոտաների և հաշմանդամների համար՝ օրենսդրությամբ սահմանված միջոցառումների իրականացմամբ.
գ) հաշմանդամներին առավել համապատասխանող մասնագիտություններով աշխատանքային տեղերի վերապահմամբ.
դ) հաշմանդամների համար լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման խրախուսմամբ.
ե) հաշմանդամին աշխատանքի տեղավորելու դեպքում գործատուին հաշմանդամին վճարվող աշխատավարձի մասնակի փոխհատուցմամբ:
Բոլոր կարգի գործատուների մոտ զբաղված հաշմանդամների համար վերականգնման անհատական ծրագրին համապատասխան ստեղծվում են աշխատանքի անհրաժեշտ պայմաններ:
Կոլեկտիվ կամ անհատական աշխատանքային պայմանագրով սահմանվող պայմանները, այդ թվում աշխատանքի վարձատրությունը, աշխատանքային և հանգստի ժամանակի ռեժիմը, տարեկան և լրացուցիչ արձակուրդների տևողությունը չեն կարող վատթարացնել հաշմանդամի վիճակը կամ սահմանափակել նրա իրավունքները այլ աշխատողների համեմատությամբ:
Հաշմանդամի ներգրավումն արտաժամյա, ոչ աշխատանքային օրերի կամ գիշերային աշխատանքներում թույլատրվում է միայն նրանց համաձայնությամբ և պայմանով, եթե նման աշխատանքները բժշկական եզրակացությամբ նրանց արգելված չեն:
1-ին և 2-րդ խմբի հաշմանդամների համար սահմանվում է աշխատաժամերի կրճատված տևողություն` շաբաթական 36 ժամից ոչ ավելի:
Հաշմանդամների պահանջով և վերականգման անհատական ծրագրերին համապատասխան գործատուն պարտավոր է նրանց համար սահմանել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ: Նման դեպքերում հաշմանդամների աշխատանքի վարձատրությունը կատարվում է` ելնելով փաստացի աշխատած աշխատաժամանակից կամ թողարկված արտադրանքի քանակից:
Աշխատանքի ընդունելիս հաշմանդամների համար փորձաշրջան չի սահմանվում: Աշխատողների թվի կամ հաստիքների կրճատման ժամանակ աշխատանքի հավասար արտադրողականության և նույն որակավորման դեպքում հաշմանդամներն օգտվում են աշխատանքում մնալու առավելությունից:
Աղբյուրը` Իրավաբան.net