Փաստաբանները մեկօրյա բողոքի ակցիա կանցկացնեն

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում նշվում է՝ փաստաբաններից կազմված նախաձեռնող խումբը մեկօրա բողոքի ակցիա կիրականացնի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում ներառելու համար։

Հայտարարության մեջ ասվում է․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության փաստաբաններս, դատապարտում ենք  ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի կողմից «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք» օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ)՝ դատական տուգանքի վերաբերյալ դրույթները և երկու նոր օրենքների նախագծեր ներառելու, այդ թվում՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի խախտմամբ քննարկելու և եզրակացություն տալու վարքագիծը, որը հարիր չէ իրավական պետության հիմնարար սկզբունքներին:

Փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին դրույթը չէր կարող ներառվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում, քանի որ՝

– Նախագծում բացակայում է փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու անհրաժեշտությունը,

– ՀՀ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը,

– կառավարությունը ՀՀ քրեական և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նոր նախագծեր է ներկայացրել առաջին ընթերցումից հետո՝ բացառելով այդ նախագծերի երկու ընթերցմամբ քննարկվելու հնարավորությունը:

Նման հրատապ եղանակով այս հարցի քննարկումը կազմակերպելը, երբ նույն նախագծերով 2019 թվականի հունվարի 1-ից պետք է դատական տուգանքի նորմերն ուժի մեջ մտնեն, վկայում է ՀՀ արդարադատության նախարարության կողմից փաստաբանության նկատմամբ ակնհայտ արհամարհական և կանխակալ վերաբերմունքի մասին:

Առանց փաստաբանական համայնքի հետ քննարկումների, փաստաբանների անկախությունը վտանգող նման դրույթների սահմանման փորձը կանխելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբաններս մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու 2018 թվականի փետրվարի 7-ին՝ այդ օրը հրաժարվելով Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Վստահ ենք, որ մեր վստահորդները գիտակցում են, որ այս պայքարն իրենց արդար դատաքննության իրավունքի համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Պահանջում ենք ՀՀ Ազգային ժողովից՝  Նախագծի և Նախագծին կցված մյուս օրենքների նախագծերից հանել դատական տուգանքին վերաբերող իրավակարգավորումները:

Բողոքի ակցիան տեղի կունենա 2018 թվականի փետրվարի 7-ին՝ ամբողջ օրը:

Հ.Գ. 2018 թվականի փետրվարի 7-ին ժամը 12:00-ին ՀՀ փաստաբանների պալատի շենքում տեղի է ունենալու փաստաբանների հավաքը՝ Նախագծի վերաբերյալ գնահատականներ տալու և հետագա գործողությունների ծրագիրը հաստատելու համար:

Նախաձեռնող խումբ՝

Արա Զոհրաբյան

Կարեն Մեժլումյան

Սեդրակ Ասատրյան

Հարություն Հարությունյան

Սիմոն Բաբայան

Արա Ղազարյան

Նելլի Հարությունյան

Մելանյա Առուստամյան

Տիգրան Խուրշուդյան

Տարոն Սիմոնյան

Հրանտ Անանյան

Կարեն Սարդարյան

Կարապետ Աղաջանյան

Գևորգ Մկրտչյան

Արսեն Մկրտչյան

Անուշ Մխիթարյան

Մարինե Ֆարմանյան

Արտաշես Խալաթյան

Սուզաննա Խչեյան

Թամարա Բաղդասարյան

Մերի Ալավերդյան»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել