ՀՀ-ում տուբերկուլոզի հաղթահարման նպատակով հակատուբերկուլոզային ծառայությունների նոր` արդյունավետ մոդելի հայեցակարգի նախագիծը քննարկվեց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը:
Ներկայացնելով նախագիծը` Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանն ընդգծեց, որ մինչև այժմ իրականացված ծրագրերի արդյունքում Հայաստանում վերջին 10 տարում զգալի բարելավվել են տուբերկուլոզի համաճարակաբանական ցուցանիշները, մասնավորապես` տարեկան հայտնաբերվող նոր դեպքերի թիվը կրճատվել է 2, իսկ մահացությունը` 3 անգամ։
Հայեցակարգում նախագծված քայլերը տուբերկուլոզը ՄԱԿ-ի կայուն զարգացման երրորդ նպատակին համահունչ հաղթահարելու նպատակ են հետապնդում։ Հիմնական ուղղվածությունը աշխատանքների արդյունավետության բարձրացումն է։
Քննարկման արդյունքում հայեցակարգն արժանացավ հավանության։
Լևոն Ալթունյանն առաջարկեց մշակել կոնկրետ գործողությունների ծրագրեր` վարակի վերահսկման իրավական դաշտի վերանայման, ծառայությունների վերակազմակերպման և ֆինանսավորման մեխանիզմների բարելավման, արտահիվանդանոցային ծառայությունների ամրապնդման և կադրային ներուժի զարգացման նպատակով: