Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենայի՝ հայկական բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն օր տարածվող միօրինակ ու միապաղաղ հաղորդագրությունները, ինչպես նաև դեկտեմբերի 8-ի տեղեկատվությունը, թե իբր արցախյան բանակը խոշոր տրամաչափի գնդացիրներից և ականանետերից կրակ է վարել Աղդամի շրջանի Օրթա Քարվենդ բնակավայրի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և երբեք չեն թիրախավորում խաղաղ բնակավայրերը, իսկ առաջնագծում հակառակորդի հետագա սադրանքների դեպքում ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է ադրբեջանական կողմի վրա: