Կառավարությունը հերթական նիստի ժամանակ հավանություն է տվել «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի «Հին Խնձորեսկ» 2018-2025 թթ. ներդրումային ծրագրին։ «Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի արդյունքում կբարձրանա մարզի զբոսաշրջային գրավչությունը։ Նպատակն է բարձրացնել մարզի զբոսաշրջային գրավչությունը՝ վերականգնելով առկա և ստեղծելով նոր համապատասխան ենթակառուցվածք, այդ թվում՝ ֆունիկուլյոր, զիփլայն, ակտիվ հանգստի և առողջապահական համալիրներ, հյուրանոց և այլն։
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսված է շուրջ 25 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և 400-ից ավելի աշխատատեղի ստեղծում։ Ծրագրով նախատեսված է ապահովել Գորիս և շրջակա համայնքներ այցելող զբոսաշրջիկների թվի աճ՝ հասցնելով տարեկան մոտ 400,000 -ի։ Արդեն իսկ աշխատանքներ են տարվում արտասահմանյան հայտնի Garaventa AG, «KSIL», Ibis, Novotel և մի շարք գերմանական կլինիկաների հետ։
Կառավարության որոշմամբ «Արարատի գինու գործարան» ՍՊԸ կոօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կոնյակի արտադրության մեջ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 3,1 մլրդ ՀՀ դրամի ներդրում և ստեղծել 85 աշխատատեղ՝ 195 000 – 205 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները կկազմեն մոտ 10 մլրդ ՀՀ դրամ, որից մոտ 100 մլն ՀՀ դրամը կիրացվի ՀՀ տարածքում, մոտ 9,7 մլրդ ՀՀ դրամը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում և մոտ 100 մլն ՀՀ դրամը՝ երրորդ երկրների տարածքում։