Վանաձորում քրեական հեղինակություն ունեցող «Ճաճոյի Էդոյի» որդուն՝ Տիգրան Մարտիրոսյանին, սպանելու համար մեղադրվող նրա կնոջ՝ Լիաննա Կիրակոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է: Որոշումն ընդունել է Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը: Իրավաբան.net-ի հետ զրույցում Լիաննա Կիրակոսյանի պաշտպանը՝ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ամբաստանյալի՝ արարքը կատարելու զղջումն է հիմք հանդիսացել նման որոշման համար:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, ժամը 00.50-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գուգարք գյուղում` Ճաճոյի էդոյի տանը, դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Գուգարք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մուտքի աստիճանահարթակի մոտ հայտնաբերվել էր նշված տան բնակիչ, 1983 թ. ծնված Տիգրան Մարտիրոսյանի դիակը` բազմաթիվ հրազենային վնասվածքներով: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեպքի վայրում Տ. Մարտիրոսյանի կինը` 1985 թ. ծնված Լիանա Կ.-ն, հայտարարել էր, որ նույն օրը ամուսնու հետ վիճաբանության ժամանակ, ամուսնու մոտ գտնվող ատրճանակից, ինքն էր կրակոցներ արձակել նրա ուղղությամբ և սպանել: Դեպքի վայրի զննության ժամանակ Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» ատրճանակը: