Արտաբյուջետային հաշվից միջոցներ կտրամադրվեն իմունականխարգելման ազգային ծրագրի աջակցության համար

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության հավանությանն է ներկայացրել «Իմունականխարգելման ազգային ծրագրի ծառայությունների աջակցություն» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվը:

Սահմանել, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է վերոնշյալ ծրագրի ենթադրամաշնորհառու և վերջինիս հետ կկնքվի դրամաշնորհի հատկացման պայմանագիր:

Իմունականխարգելման ազգային ծրագրի արտաբյուջետային միջոցները գոյացել են ԳԱՎԻ (Պատվաստանյութերի և իմունիզացիայի գլոբալ դաշինք) միջազգային կազմակերպության աջակցության շնորհիվ` իմունականխարգելման գործընթացի բարելավման և պատվաստումների ազգային օրացույցում Հեպատիտ Բ պատվաստումների գործադրման նպատակով` 2001 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կողմից ԳԱՎԻ միջազգային կազմակերպության ներկայացրած ծրագրային առաջարկի և վերջինիս կողմից այն հաստատման արդյունքում: Իմունականխարգելման ազգային ծրագրի արտաբյուջետային միջոցները նախատեսված են իմունականխարգելման ծառայությունների գործնական ծախսերն իրականացնելու համար, մասնավորապես` իմունականխարգելման գործընթացի մոնիթորինգի, հանրային իրազեկման, կարճաժամկետ դասընթացների, սառցային շղթայի ապահովման, Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման և այլնի համար` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդություններով հիվանդացության նվազեցման, կառավարելի վարակիչ հիվանդություններից մահվան դեպքերի կանխման և վարակիչ հիվանդությունների նկատմամբ բնակչության անընկալության ապահովման նպատակով:

ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի շրջանակներում միջոցառումների իրականացման համար պետական հատկացումներ նախատեսված են միայն պատվաստանյութերի և պատվաստումների օժանդակ պարագաների ձեռքբերման համար:

Մինչև 2018 թվականը նախատեսվում է Պատվաստումների ազգային օրացույցում ներդնել մարդու պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը (ՄՊՊ), որն առավել հայտնի է արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստանյութ անվամբ: Պատվաստումներն իրականացվելու են 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիս ինտերվալով: Վերջինս համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական դիրքորոշման, համաձայն որի պլանային պատվաստումներն առաջարկվում են 9-14 տարեկան աղջիկներին՝ 2 դեղաչափ սխեմայով:

Հայաստանի Հանրապետությունում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային երկրներում Հայաստանն արգանդի պարանոցի քաղցկեղի հիվանդացության մակարդակով դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում: Հայաստանում տարեկան գրանցվում է միջինում 250-300 նոր դեպք։ Միայն 2015 թվականին հանրապետությունում արձանագրվել է արգանդի պարանոցի քաղցկեղի 257 նոր դեպք (100000 կանանց հաշվով ցուցանիշը 16.4), որոնցից 153-ը՝ (59.5% ) 3-րդ և 4-րդ փուլերում: 2016 թվականին գրանցվել է 243  նոր դեպք (ցուցանիշը՝ 15.5): Սա նշանակում է, որ մեր երկրում հիվանդության դեպքերը հայտնաբերվում են շատ ուշացած փուլերում, որի արդյունքում մահացությունը բավականին բարձր է։ Տարեկան արգանդի վզիկի քաղցկեղից մահանում են միջինում 100-130 կին, միայն 2015 թվականին արձանագրվել է մահվան 127 դեպք, (100000 կանանց հաշվով ցուցանիշը կազմել է 8.1), իսկ 2016 թվականին՝ 116 մահվան դեպք (ցուցանիշը՝ 7.4)։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում հաշվառված են արագանդի պարանաոցի քաղցկեղով 2990 հիվանդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2017 թվականի պաշտոնական դիրքորոշման համաձայն արգանդի պարանոցի քաղցկեղի արդյունավետ կանխարգելման նպատակով առաջարկվում է համապարփակ մոտեցում, այսինքն սկրինինգային և պատվաստումային ծրագրերի համատեղ իրականացում, որի շնորհիվ միայն հնարավոր է վերահսկել հիվանդացությունը և մահացությունը /պաշտոնական դիրքորոշման ոչ պաշտոնական հայերեն թարգմանությունը  ներկայացվում է կից/:

Պատվաստումների սահուն ներդրման և հաջող իրականացման նպատակով անհրաժեշտ է ապահովել լայնածավալ հանրային իրազեկում, պատվաստումների գործընթացում ընդգրկված մասնագետների գիտելիքների բարելավում և գնահատում՝ բացերի հայտնաբերման նպատակով:

Վերջինս նախատեսվում է իրականացնել ԳԱՎԻ կազմակերպության կողմից տրամադրված «Մարդու պապիլոմավիրուսի ներդրման» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային միջոցներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել