Այս պահի դրությամբ ուսանողները փակել են Բաղրամյան պողոտան: Ոստիկանները պատ են կազմել և փորձում են անցանելի պահել պողոտայի մի հատվածը:
Հացադուլին միացած երիտասարդներից մեկը՝ Լևոնը, որի ինքնազգացողություն վատացել էր երեկ երեկոյան, հիմա միացել է Բաղրամյան պողոտայում ընթացող երթին. «Իմ առողջական վիճակը արդեն կարգավորվել է»,-նշում է նա:
Ուսանողներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և ասասց, որ փողոցը չբացելու դեպքում նրանց կարգի կհրավիրեն:
«Մենք մտնում ենք ձեր դրության մեջ, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց դուք չարաշահում եք…Ես ձեզ 5 րոպե ժամանակ եմ տալիս, դուք կողմնորոշվեք: Ձեր արարքը տանում է բախման՝ ոստիկանության հետ: Դուք տեսնում եք, որ ձեր նպատակին չեք կարողանում հասնել և փորձում եք հրահրել: Մենք տևական ժամանակ հանդուրժողականություն ենք դրսևորել: Դուք կոպտորեն խախտել եք հավաքների մասին օրենքը՝ 7 օր շարունակ: Կարևոր նշանակություն ունեցող մայրաքաղաքի պողոտան փակել եք, սահմանափակում եք քաղքացիների իրավունքները»,-ասաց փոխոստիկանապետը, սակայն ուսանողները դեռ շարունակում են փակ պահել Բաղրամյան պողոտայի զգալի հատվածը, որից հետո ոստիկանությունը սկսեց ուժ կիրառել:
Ոստիկանությունը փորձում է օղակ կազմել և ուսանողներին տանել դեպի մայթերը, սակայն ոստիկանության առաջին փորձը ձախողվեղ, ուսանողներից ոմանք գետնին են ընկան: