Քաղաքացիները բողոքում են «Օդից փող»-ի դեմ. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ՝ հաշվի առնելով Պաշտպանին հասցեագրված բողոքները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հեռուստատեսությամբ հեռարձակվող «Օդից փող» հեռուստախաղին մասնակցելու հետեւանքով վնաս կրելուն:

Բողոքների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաեւ հարակից այլ օրենքներով հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակվող շահումով խաղերի հեռարձակման` նախագծով առաջարկվող իրավական կարգավորումը բացակայում է, մինչդեռ այդ իրավական բացը գործնականում կարող է դառնալ իրավունքների խախտման պատճառ։

Հետեւաբար, Պաշտպանի աշխատակազմն առաջարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքը փոփոխել այնպես, որ նման խաղերը հեռարձակել հնարավոր լինի միայն գիշերային ժամերին՝ 24։00-ից մինչեւ 06։00-ը:

Դրանից բացի՝ առաջարկվում է սահմանել, որ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով հեռարձակողը պարտավոր է հրապարակել առկա զանգերի ծավալի եւ միացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ողջ եթերի ընթացքում տեղյակ պահել զանգի վճարովի լինելու մասին եւ, դրա հետ մեկտեղ, սակագնի վերաբերյալ հավաստի ինֆորմացիան պետք է լինի տեսանելի կամ լսելի:

Նախագիծը նախատեսում է սահմանել նաեւ նախազգուշացում անչափահասների մասնակցության արգելքի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել