ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին՝ տնային մահացությունների դեպքերում մարդու կյանքի դեմ ուղղված ոտնձգությունների չհայտնաբերման կամ ոչ լիարժեք բացահայտման հանգեցնող գործոնների վերացման նպատակով փոփոխություններ կատարել դատաբժշկական փորձաքննությունների և ախտաբանաանատոմիական հերձումների կազմակերպման գործընթացում:
Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ դատախազությունն ուսումնասիրություն է կատարել Հայաստանում տնային մահացությունների ոլորտում՝ հանգելով այն եզրակացության, որ քրեական վարույթի շրջանակներում ստուգում պահանջող որոշ դեպքեր դուրս են մնում իրավապահ մարմինների տեսադաշտից:
Ախտաբանաանատոմիական հաստատությունում դիահերձումն իրականացնող լիցենզավորված մասնագետները դատաբժշկական բնագավառի մասնագետներ չեն հանդիսանում և չեն կարող դիահերձման արդյունքում անհրաժեշտ արդյունավետությամբ հայտնաբերել ենթադրյալ հանցագործության մասին վկայող հետքեր: Չնայած ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգով որոշակի առումով նախատեսված է հերձման ընթացքում առերևույթ հանցագործության հետքեր հայտնաբերելիս համապատասխան միջոցների ձեռնարկման ընթացակարգ, սակայն ոլորտը կարգավորող նորմերի կիրառումը լիարժեք չի ապահովում դիահերձման ընթացքում հանցագործությունների հետքերի հայտնաբերման անհրաժեշտ պայմաններ:
Ավելին, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոչ բոլոր տարածքներում են ապահովված ախտաբանաանատոմիական հերձումների համար անհրաժեշտ պայմաններ: Բացի այդ, թեև տվյալ կարգը չի նախատեսում հերձումից մասնակի հրաժարման հնարավորություն, սակայն գործնականում պարզվել են նման դեպքեր: Մասնավորապես՝ արձանագրվել է դեպք, երբ հարազատի դիմումի հիման վրա չի հերձվել դիակի գլուխը, ինչը հետագայում խոչընդոտ է առաջացրել քրեական վարույթի ընթացքում դեպքի իրական հանգամանքները պարզելու հարցում: Արդյունքում ձեռք չի բերվել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցը, առանց որի չի կարող հաստատված համարվել մահվան պատճառը, առողջությանը հասցված վնասի ծանրության աստիճանը և պատճառման մեխանիզմը: Ներկայիս կարգավորման պայմաններում մահվան փաստը հաստատող հաստատությունը կամ դիակային բրիգադը ՀՀ ոչ բոլոր տարածքներում են հագեցված համապատասխան ձեռնահաս մասնագետով և սարքավորումներով:
Ելնելով ուսումնասիրությամբ ի հայտ բերված այս հիմնահարցերից և հաշվի առնելով ընտանեկան բռնությունների լատենտայնության հավանականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազը մի քանի գործնական առաջարկ է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարին:
Մասնավորապես՝ առաջարկվել է միջոցներ ձեռնարկել տանը, ստացիոնար պայմաններում մահվան, բուժհաստատություն դիակ տեղափոխելու դեպքերում մահվան հաստատումը միայն համապատասխան մասնագետների կողմից իրականացնելու ուղղությամբ, մշակել մարդու մահվան փաստի հավաստման արձանագրության միասնական՝ համապատասխան բժշկական և անհրաժեշտ այլ տվյալներ ներառող ձև, արգելել առանց այդ արձանագրության լրացման դիակի ախտաբանաանատոմիական հետազոտության իրականացումը և/կամ մահվան վերաբերյալ բժշկական վկայագիր տալը: Իսկ տնային մահացությունների այն դեպքերում, երբ ախտորոշումը հայտնի չէ և չկան վերջին մեկ ամսվա ընթացքում տվյալ անձի հետազոտման, բուժման կամ ախտորոշման վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, ինչպես նաև երբ դիակի վրա առկա են մարմնական վնասվածքների տեսանելի հետքեր, պարտավորեցնել համապատասխան բուժաշխատողին՝ ահազանգել իրավապահ մարմիններին: Առաջարկվել է նաև սահմանել դիակի գտնվելու վայրում բուժզննումն իրականացնող բուժաշխատակցի կողմից դիակի հերձման ուղեգրման գործողությունների հաջորդական քայլերի վերաբերյալ հստակ չափանիշներ՝ ներառյալ սահմանելով, թե տնային և ստացիոնար պայմաններում մահերի ո՞ր դեպքերում կարող է դիակը չենթարկվել դիահերձման, ո՞ր դեպքերում պետք է իրականացնել ախտաբանաանատոմիական և ո՞ր դեպքերում՝ դատաբժշկական հետազոտություն /հերձում/: Իսկ էլեկտրոնային բժշկության ներդրման դեպքում սահմանել շտապօգնության բրիգադի կամ տեղամասային բժշկի կողմից համապատասխան բուժհաստատության միջոցով էլեկտրոնային բազայից մահացածի վերաբերյալ բժշկական լիարժեք տեղեկատվություն ստանալու կարգ:
Հաշվի առնելով խնդրի բացառիկ կարևորությունը և իրավաչափ լուծումների անհետաձգելիությունը՝ ՀՀ դատախազությունը պատրաստակամություն է հայտնել ակտիվորեն մասնակցելու նշված առաջարկությունների շահագրգիռ, բազմակողմ քննարկումներին և ներգրավվելու համապատասխան իրավական ակտերի մշակման աշխատանքներում: