Հայաստանն ու Եգիպտոսը ներդրումների ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը և Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրն այսօր փոխըմբռման հուշագիր են ստորագրել ներդրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ:

Երկու նախարարների առաձնազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հուշագրի կարևորությունը և նշել, որ անհրաժեշտ է ճիշտ և թիրախային քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար: «Մենք առաջին անիվը կպտտենք առաջ շարժվելու համար»,-նշել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրը:

Նախարար Կարայանն առաջարկել է համատեղ ներդրումային ծրագրեր մշակել՝ համադրելով երկու երկրների առավելությունները և արտոնյալ շուկաները:

Հանդիպման ընթացքում կարևորվել է Եգիպտոսի և Հայաստանի ազատ տնտեսական գոտիների միջև համագործակցությունը: Մասնավորապես եգիպտական պատվիրակության կազմում գտնվող Սուեզի ազատ տնտեսական գոտու պատասխանատուների հետ առավել մանրամասն կքննարկվի համագործակցության հեռանկարը:

Նախարար Կարայանի խոսքով՝ կարիք կա օժանդակելու երկու երկրների գործարարների համագործակցությանը, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, որն էլ կհանգեցնի առևտրաշրջանառության ծավալների աճին: Սահար Նասրն առաջարկել է պարբերական փոխայցելություններ կազմակերպել գործարար շրջանակների միջև:

Կողմերն անդրադարձել են նաև լոգիստիկ ընկերությունների միջև փոխգործակցությանը:

Երկու նախարարները վերահաստատել են պատրաստակամությունը՝ մշտական կապի և երկխոսության միջոցով խթանելու Հայաստանի և Եգիպտոսի միջև տնտեսական փոխգործակցությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել