Կառավարությունը որոշում կընդունի Հայաստանի Հանրապետության դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով դատական դեպարտամենտին հատկացնել 51 մլն դրամ`՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման Վարչական սարքավորումներ¦ հոդվածով):
Որոշումը հիմնավորվում է ՀՀ դատական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, որով դատական կարգադրիչին իրավունք է վերապահում զննության ենթարկել դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը: Դատական կարգադրիչների կողմից դատարանում գտնվող անձանց կյանքի, առողջության և արժանապատվության, իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը, հասարակական կարգի պահպանումը և անվտանգությունն ապահովելու գործառույթի իրականացման ընթացքում ծագած որոշակի գործնական խնդիրների լուծման նպատակով ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից 2017 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունվել է <<ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011 թվականի հուլիսի 21-ի թիվ 04Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> թիվ 02Ն որոշումը, որով դատարան կամ դատական նիստերի դահլիճ (այսուհետ` Պահպանվող տարածք) մուտք գործող անձանց և նրանց իրերի զննության կարգը (այսուհետ` Կարգ) շարադրվել է նոր խմբագրությամբ:
Կարգով հստակեցվել են զննության գործընթացում դատական կարգադրիչների լիազորությունների շրջանակները, ինչպես նաև դրանց իրականացման եղանակները:
Մասնավորապես, Կարգի 1.1-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանվել է, որ զննությունը դատական կարգադրիչի կողմից Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերի տեխնիկական միջոցներով կամ այլ եղանակներով (տեսողական, լսողական, հոտառության զգայարաններով և այլն) ուսումնասիրումն է, որը կարգադրիչին պետք է հնարավորություն ընձեռի համոզվել անձի մոտ կարգի իմաստով արգելված իրերի բացակայության հարցում:
Կարգի 1.1-ին կետի երկրորդ պարբերությամբ ամրագրվել է, որ զննության ընթացքում արգելվում է կարգադրիչի կողմից որոնողական կամ այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք կխեղաթյուրեն կարգով սահմանված զննության էությունը կամ այն կվերածեն խուզարկության:
Կարգի 2.2-րդ կետի առաջին պարբերությամբ սահմանվել է, որ Պահպանվող տարածք մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու գործընթացը, որպես կանոն, կազմակերպվում է տեղակայված տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Միաժամանակ հարկ է նշել, որ ներկայումս ՀՀ դատարաններում հիմնականում բացակայում են զննության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներն ու սարքավորումները, ինչն էլ իր հերթին մեծաթիվ մասնակիցներ ունեցող դատավարությունների անցկացման դեպքում օբյեկտիվ դժվարությունների է հանգեցնում: Զննման գործընթացը ժամանակի սղության պատճառով որոշ դեպքերում հանգեցնում է դատավարության բնականոն ընթացքի խաթարմանը, ինչպես նաև առաջացնում է զննության գործընթացի վերաբերյալ դժգոհություններ: Որպես խնդրի հնարավոր լուծում է հանդիսանում ՀՀ բոլոր դատարանները զննություն իրականացնող համապատասխան տեխնիկական սարքավորումներով զինելը:
Կարգի լրամշակման հիմնական նպատակներից մեկը կայանում էր նրանում, որպեսզի կարգադրիչների կողմից անձանց և նրանց իրերի զննության գործընթացն իրականացվի առանց վերջիններիս լրացուցիչ անհարմարություններ պատճառելու և հիմնականում ուղեկցվի համապատասխան տեխնիկական միջոցների գործադրմամբ, որի արդյունքում կբացառվի կամ նվազագույնի կհասցվի տվյալ գործընթացում կարգադրիչի անմիջական միջամտությունը: Նշվածը վերաբերում է հատկապես դատավարության մասնակիցներ հանդիսացող այն անձանց, մասնավորապես` փաստաբաններին, դատախազներին և պաշտոնատար այլ անձանց, որոնց մասնակցությամբ պայմանավորված որոշ գործերով դատավարությունները ձգձգվում են` վերջիններիս կողմից զննության ենթարկվելուց հրաժարման և արդյունքում Պահպանվող տարածք մուտք գործելն արգելվելու հիմքով:
Միաժամանակ հարկ է նշել, որ հիշյալ խնդիրը հասարակական հնչեղություն է ստացել որոշ քրեական գործերով դատավարությունների ընթացքում կարգադրիչների կողմից օրենքով սահմանված զննության լիազորության իրացման արդյունքում, և արդիական է դարձել ՀՀ դատական դեպարտամենտի 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրի՝ ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնելուց հետո, ուստի այն ներառվել է միայն ՀՀ դատական դեպարտամենտի 2018 թվականի բյուջետային հայտում:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> Եվրոպական կոնվենցիայով սահմանված գործերի ողջամիտ ժամկետում քննության անհրաժեշտությունը՝ մշակվել է ՀՀ կառավարության որոշման սույն նախագիծը, որով նախատեսվում է 2017 թվականին կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ դատական դեպարտամենտին հատկացնել 51,000.0 հազ. ՀՀ դրամ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման <<վարչական սարքավորումներ>> հոդվածով` ռենտգեն հսկողության սարքերի ձեռքբերման համար:
Միաժամանակ հայտնում եմ, որ նշված ապրանքների և ծառայությունների գնման գործընթացներն իրականացվելու են <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի <<բ>> պարբերության պահանջներին համապատասխան` մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով: