Նախարարը ամփոփել է իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքները
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփեց իր պաշտոնավարման մեկ տարվա գործունեության արդյունքները, նախարարության գործունեության ոլորտներում իրականացված ծրագրերը, ձեռքբերումներն ու հետագա անելիքները:
Ճանապարհաշինություն
Այս ոլորտում նախարարը ներկայացրեց առանցքային մի քանի ծրագրեր, որոնք իրականացվել են վերջին տարում կամ ներկայում ընթացքի մեջ են: Այսպես…
Մեկնարկել են ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով 3441կմ երկարությամբ ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները: Արդեն իսկ գույքագրվել և քարտեզագրվել է 1231կմ:
«Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի առաջին 38 կմ հատվածի շինարարական աշխատանքները շարունակվում են: Վանաձոր քաղաքին հարող շուրջ 7.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածում արդեն իսկ տեղադրվել է ասֆալտ»,-նշեց նա:
Այդ ճանապարհին առկա 3 թունելների լուսավորության և մայթերի տեղադրման, ինչպես նաև հենապատերի և ջրահեռացման համակարգի կառուցման ու վերականգնման աշխատանքները շարունակվում են:
Օգոստոսի 28-ին մեկնարկել և մեծ թափով ընթանում են Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Նախարարը վստահեցրեց, որ աշխատանքները կատարվում են շատ արագ, բայցև՝ բարձր որակով:
Նախարարը ամփոփել է իր մեկ տարվա պաշտոնավարման արդյունքները
Անցած մեկ տարվա ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել նաև ճանապարհների անվտանգության տարրերին: Մասնավորապես, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվել են 1020 հատ ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով արգելափակոցներ են տեղադրվել նաև առավել վտանգավոր հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում:
Իբրև ճանապարհային երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչ՝ նախարարն ընդգծեց նաև մասնավոր ընկերության հետ կնքված հուշագրով Նոր Հաճընի կամրջի լուսավորության անվճար ապահովումը բարձրակարգ լուսատուներով:
Նա անդրադարձավ ևս մեկ կարևոր խնդրի` ճանապարհամերձ հատվածների մաքրությանը: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ:
«Ուրախությամբ պիտի նշեմ, որ ձեռնարկված միջոցառումներից հետո ճանապարհամերձ հատվածներում աղբ թափողների թիվը նվազել է»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:
Նախարարն անդրադարձավ նաև ճանապարհաշինության ոլորտում նախատեսվող ևս մեկ կարևոր հանգամանքի. պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետն այսուհետ դառնալու է 5 տարի։ Ժամանակահատվածը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և 2 տարի՝ պայմանագրային։
«Սա, անկասկած, կշահագրգռի կապալառուին առավել պատասխանատվությամբ իրականացնել հիմնանորոգման աշխատանքը, որպեսզի հետո կարողանա որակյալ սպասարկում իրականացնել»,- ընդգծեց նախարարը:
Դեռևս 2016թ. սեպտեմբերին մեկնարկած Երևան-Արտաշատ, Երևան-Աշտարակ ճանապարհահատվածների վրա կառուցվող և վերականգնվող ուղեանցերում գրեթե ավարտվել են շինարարական աշխատանքները: Կամուրջներին հարող հատվածների երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է մայիսին:
«Հոկտեմբերի առաջին տասնօրյակում 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, իսկ մնացած 4-ի վրա կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ, որոնք նախագծում ներառված չեն եղել»,- պարզաբանեց Վահան Մարտիրոսյանը:
Տրանսպորտ
Մշակվել է ավտոմոբիլային տրանսպորտի մասին ՀՀ օրենսդրության փոփոխությունների փաթեթ, որով նախատեսում է ներմարզային և միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթների համակցում: Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքը:
«Այսպես կոչված գծատեր հասկացությունը վերանալու է, լինելու է մեկ կամ երկու միասնական օպերատոր, որը սպասարկելու է միջմարզային և միջքաղաքային ամբողջ երթուղային ցանցը` մեկ տոմսի սկզբունքով»,- ներկայացրեց նախարարը:
Կապ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, փոստ
Մասնավոր ընկերության հետ կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում նախատեսվում է 3 մլն. դոլարի ներդրում և 16 գրասենյակների ստեղծում` աշխարհի տարբեր երկրներում: Արդեն ստեղծվել են 6 գրասենյակներ:
Նախարարության աջակցությամբ և կրկին մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ հայտարարվել են ստարտափ գաղափաների մրցույթներ: Արդյունքում հայտ ներկայացրած 30 թիմերից ընտրվել են 2-ը՝ «AR magic» և «Web Pro by Game» նախագծերը:
«Նրանցից յուրաքանչյուրը 10 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսական ներդրում է ստացել ներկայացրած գաղափարները կյանքի կոչելու համար, համոզված եմ, որ այս նախագիծը շարունակական է լինելու»,- հավելեց նախարարը:
Դրանից բացի, ներդրվել է «Մեկ պատուհան» համակարգը, որը հնարավորություն է տալիս ռադիոէլեկտրոնային միջոցների ներկրման լիցենզիաները և դրանց վերաբերյալ պարզաբանումները տրամադրել բացառապես առցանց եղանակով:
ՏՀՏ-ի ոլորտը խթանելու և Հայաստանի շուկա միջազգային ընկերությունների մուտքն ապահովելու նպատակով նախարարության պատվիրակությունը մասնակցել է մի շարք այնպիսի միջազգային համաժողովների, ինչպիսիք են Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումը, «GMSA» շարժական աշխարհի համաշխարհային ժողովի նախարարական ծրագիրը, «CeBIT-2017» ՏՏ խոշորագույն ցուցահանդեսը, 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք գործարար համաժողովը և այլն: Առաջիկա տասնօրյակում նախատեսվում է անցկացնել հայ-կանադական, հայ-ճապոնական, հայ-կորեական ՏՏ համաժողովներ:
Մայրաքաղաքում և ՀՀ մարզերում թվայնացման մակարդակը կազմել է 100 տոկոս: Համացանցից օգտվողների (բաժանորդների) թիվը տարեկան աճում է 10-15 տոկոսով:
Միջազգային համագործակցություն
ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ ստորագրվել են տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցության ոլորտներին առնչվող համաձայնագրեր:
Ստորագրվել է Հայաստանի և Սլովենիայի միջև ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագիրը:
Մի շարք եվրոպական երկրների հետ մշակվել են տրանսպորտի ոլորտին առնչվող համաձայնագրեր:
Այլ մանրամասներ՝ տեսանյութում…