Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը մասնավորապես խոսել են երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների զարգացման մասին:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ՀՀ ԱԺ նախագահն իր խոսքում ասել է. «Հայաստանն ու Վրաստանը միջազգային ինտեգրման տարբեր ուղիներ են ընտրել, սակայն դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ մեր երկրների փոխգործակցության զարգացման համար. այն կարող է լրացնել ու դրական ազդեցություն ունենալ ոչ միայն տնտեսական հարաբերությունների հետագա խորացման, այլ նաև տարածաշրջանային համագործակցության առավել ընդլայնման համար»:
Արա Բաբլոյանը նաև նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի ու Վրաստանի միջև ձևավորվել են տնտեսական գործընկերության հստակ ուղղություններ, որոնք մասնավորապես ներառում են տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսական ապրանքների վերամշակման ոլորտները: ՀՀ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության խորացման կարևորությունը: Որպես երկրների տարածաշրջանների փոխգործակցության լավ օրինակ՝ Արա Բաբլոյանը նշել է Աջարիայի և Լոռու մարզի միջև կապերը: ՀՀ խորհրդարանի ղեկավարն, այնուամենայնիվ, արձանագրել է, որ առևտրատնտեսական ներուժն ամբողջությամբ չի օգտագործվում: Արա Բաբլոյանը հավաստիացրել է, որ խորհրդարանականները պատրաստ են հանդես գալ օրենսդրական անհրաժեշտ նախաձեռնություններով՝ կոնկրետ բնագավառների խնդիրները լուծելու համար: Խորհրդարանի ղեկավարի կողմից կարևորվել է Վերին Լարս սահմանային անցակետի անխափան գործունեությունը, որը հատկապես այս ժամանակահատվածում Հայաստանից գյուղատնտեսական ապրանքների արտահանման հիմնական և առավել նախընտրելի ճանապարհն է:
Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին գոհունակությամբ է խոսել վրաց-հայկական կայուն զարգացող հարաբերությունների մասին՝ միաժամանակ նշելով, որ առկա 400 միլիոն դոլար կազմող առևտրաշրջանառության ծավալներն անհրաժեշտ է մեծացնել: Վրաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը: Գիորգի Կվիրիկաշվիլին երկկողմ համագործակցության զարգացման համար առավել կարևոր ոլորտներից հատկապես առանձնացրել է զբոսաշրջությունը: Ըստ նրա՝ հաշվի առնելով երկու երկրների հարուստ պատմամշակութային ժառանգությունը՝ անհրաժեշտ է պատրաստել համատեղ տուրիստական փաթեթներ: Վարչապետը միաժամանակ հավաստիացրել է, որ Վրաստանը բաց է բարեկամ Հայաստանի հետ քննարկելու համագործակցության զարգացման հնարավորությունները ցանկացած ոլորտում: