Սփյուռքի մասնակցությունը՝ նոր գաղափարներով և փորձով

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել 4 ուղղություններով նախատեսված 16 թեմատիկ նիստեր: «Հայապահպանության հիմնախնդիրներ» խորագրով «Մայրենի լեզուն և դպրոցը հայ ինքնության կռվան» թեմատիկ նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Վերջինիս խոսքով՝ նիստի բոլոր զեկույցները նվիրված են հայապահպանության, կրթական համակարգի, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հիմնախնդիրներին: «Մայրենի լեզվի և դպրոցի հիմնախնդիրները բազմաշերտ են, ուստի մեր փորձառու, մանկավարժական  հմտություններ ունեցող զեկուցողները, ովքեր նաև Սփյուռքում ղեկավարում են կրթական հաստատություններ և մշակութային միություններ, կներկայացնեն հայապահպանության, կրթության զարգացման իրենց տեսլականը և կառաջարկեն հիմնախնդիրների լուծումներ, որպեսզի մեր քննարկման վերջնարդյունքն ավելի առարկայական լինի»,-մասնավորապես նշել է Լևոն Մկրտչյանը:

Զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ «ՀՀ կրթական համակարգը և զարգացման հեռանկարները» թեմայով: Նախարարի տեղակալն իր զեկույցում, ընդգծելով  հայապահպանման հիմնախնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարել կրթության ոլորտում իրականացվող համաշխարհային գործընթացներին, մասնավորապես, նշելով. «Ժամանակակից աշխարհում հանրակրթության ոլորտում կարևոր են դառնում բարձր մակարդակի կոմպետենցիաները` գրելը, կարդալը, հաշվելը, վերարտադրելն արդեն բավարար չեն կարող համարվել: Բարձր կոմպետենցիաները ստեղծագործելու ունակություններն են, քննադատական մտածելակերպը, թիմային աշխատանքը, բարդ խնդիրներին հնարավոր լուծումներ տալը: Երբ խոսում ենք այս հմտությունների մասին, հասկանում ենք, որ դա պետք է կրթության մեջ դառնա պարտադիր բաղադրիչ: Մենք չենք կարող մեր քաղաքացուն դուրս թողել այդ համակարգից, այսինքն պիտի ձևավորենք մրցունակ քաղաքացի և երկիր: Այս իմաստով մենք հիմա ամբողջությամբ վերանայում ենք կրթական ծրագրերը` շեշտը դնելով թվարկված հմտությունների զարգացման վրա: Սակայն պետք է չմոռանալ, որ հանրակրթության մեջ 3 հիմնական բաղադրիչ կա. գիտելիքի փոխանցում, հմտությունների զարգացում և արժեհամակարգի ձևավորում: Այս երեք բաղադրիչն էլ կարևոր են և հավասարաչափ պետք է լինեն: Երբ մենք խոսում ենք հանրակրթության մասին հասկանում ենք, որ այն պետք է լինի ազգային: Մենք չենք կարող վերցնել արդեն կայացած որևէ կրթական ծրագիր, որը ապացուցել է իր կայունությունը աշխարհում և ուղղակի ներդնել կամ կիրառել Հայաստանում: Աշխարհում շատ լավ կրթական ծրագրեր կան, բայց չկա մի ծրագիր, որն իր առջև նպատակ է դրել ՀՀ քաղաքացի ձևավորելը: Երբ մենք խոսում ենք հայկական կրթության մասին, խոսքը միայն հայոց լեզվի մասին չէ: Վիլյամ Սարոյանը գրում էր անգլերենով, բայց՝ հայեցի: Այսինքն լեզուն պարտադիր պայման է հայեցի կրթության համար, բայց կան նաև այլ կարևոր պայմաններ, որոնցից մեկը նպատակադրումն է: Հանրակրթությունն իր առջև նպատակ է դնում առաջին հերթին ՀՀ քաղաքացու ձևավորումը:»,- նշել է Դավիթ Սահակյանը և անդրադարձ կատարել հանրային մտածելակերպի փոփոխության անհրաժեշտությանը. «Երբ խոսում ենք կրթական փոփոխությունների մասին, պետք է հասկանանք, որ կրթությունը ամենադժվար փոփոխվող ոլորտներից մեկն է: Կրթության ոլորտի ցանկացած փոփոխություն կապված է մարդու մտածելակերպի հետ:  Եթե մենք կրթության մեջ ուզում ենք նոր մոտեցում` նշանակում է ուսուցիչը, դպրոցի տնօրենը, ծնողը պետք է նորովի մտածեն, իսկ սովորողները այլ նպատակներով ու մտքերով պետք է մտնեն դպրոց: Հանրակրթության ոլորտում փոփոխություններ անելու համար անհրաժեշտ է միլիոնից ավելի մարդկանց մոտ ինչ-որ բան կարողանալ փոխել: Այս նպատակին հասնելու ամենակարճ ուղին մենք տեսնում ենք Հայաստանի  1400 դպրոցի տնօրենների և շուրջ 37000 ուսուցիչների միջոցով»:

 Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև վերջին շրջանում կրթական բնագավառի ձեռքբերումները, մասնավորապես անդրադարձ կատարելով «Դասավանդիր Հայաստան» շարժմանը, «Արարատյան բակալավրիատ» ծրագրին, Թումոյին, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ցանցին և այլն: Ամփոփելով զեկույցը Դավիթ Սահակյանը նշել է. «Միասնական գործունեությամբ մենք շատ բանի կարող ենք հասնել, իսկ Սփյուռքի մասնակցությունն այդ գործընթացում հիմնականում ակնկալում ենք նոր գաղափարների և փորձի տեսքով»:

Նիստի ընթացքում ելույթ են ունեցել Մերձավոր Արևելքի Հայ ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական մարմնի ատենապետ, Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոսթյանը (Լիբանան)՝  «Ապագայի Պահանջին Համապատասխան Դպրոցն ու Հայու Ինքնութիւնը» թեմայով, «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկության Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը (Պորտուգալիա)՝ «Սփիւռքակենդրոն դաստիարակութիւն ու կրթական մօտեցումներու անհրաժեշտութիւն» թեմայով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Կանադայի հանձնախմբի նախագահ Մհեր Գարագաշյանը զեկուցել է «Հայեցի դաստիարակութիւնը 21-րդ դարու սեմին. Սփիւռքի հայկական դիմագծի պահապանման գերխնդիրը ու անոր կրթական ոլորտի մարտահրաւէրները» թեմայով, ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր-նախագահ  Երվանդ Զորյանը (ԱՄՆ)՝ «Համացանցը և հայկական ինքնութիւնը» թեմայով, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը (Հայաստան)՝ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները՝ որպես Սփյուռքում հայապահպանության և Հայաստանի համայնքային զարգացման հեռանկարային գործիք» թեմայով։ Լիբանանի Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության ատենապետ Մկրտիչ Մկրտչյանը ներկայացրել է  միության կողմից հայապահպանության ուղղությամբ իրականացված աշխատանքները, իսկ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության պատրիարքական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Ավետիս վրդ․ Իփրաճյանը խոսել է Սփյուռքում հայապահպանության երեք կարևոր գործոնների մասին՝ հայրենի հող, հայոց լեզու և Հայ Առաքելական եկեղեցի։

Նիստի ավարտին հայերենի երկու ճյուղերի՝ արևմտահայերենի և արևելահայերենի ուղղագրությունների միասնականացման առաջարկությամբ հանդես է եկել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, լեզվաբան Հիլդա Գալֆայան-Փանոսյանը։

Ամփոփելով նիստը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրչտչյանն առաջարկել է բոլոր դիտարկումներն ու նկատառումները ներկայացնել գրավոր՝ ընդգծելով, որ  անհրաժեշտության դեպքում կգումարվի ևս մեկ նիստ։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել