Անվտանգության ամրագոտու փորձարկման ստենդի հերթական կիրառումը՝ դպրոցի բակում

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է անվտանգության ամրագոտու փորձարկման ստենդի կիրառմամբ կանխարգելիչ և ուսուցողական միջոցառումները։ Այս անգամ, սեպտեմբերի 13-ին, ճանապարհային ոստիկանները սարքը կայանել էին Աշոտ Նավասարդյանի անվան՝ համար 196 հիմնական դպրոցի բակում։
Դասավարտի զանգը հնչելուն պես, ուսուցիչների ուղեկցությամբ դպրոցականները հավաքվեցին անվտանգության ստենդի շուրջը, ոստիկանները բացատրեցին նրանց երթևեկության ժամանակ ամրագոտու դերն ու նշանակությունը և ամրակապված երթևեկելու կարևորությունը։ Ուսուցիչներն էլ, իրենց հերթին նշեցին, որ ամրակապված երթևեկելը որքան վարորդի համար է կարևոր և պարտադիր, նույնքան էլ ուղևորների։
Լավ է մեկ անգամ զգալ, քան հարյուր անգամ լսել։ Դպրոցականները մեկը մյուսի հետևից, արդեն գործնականում, փորձարկեցին և զգացին անվտանգության ամրագոտու դերն ու կարևորությունը։
Երեխաները անվտանգության ստենդի փորձարկումից այնքան էին ոգևորել, որ մի պահ նույնիսկ իրավիճակն անվերահսկելի էր դարձել։ Իրար հերթ չտալով՝ ուզում էին նորից ու նորից փորձարկել։ Ոմանք էլ հետաքրքրված էին անվտանգության ստենդի մարտավարատեխնիկական կառուցվածքով։
Ճանապարհային ոստիկանության նախաձեռնած նմանօրինակ միջոցառումներն ուղղված են քաղաքացիների կյանքն ու կենցաղն ավելի անվտանգ դարձնելուն։ Հուսով ենք, որ անվտանգության ամրագոտու փորձարկման ստենդի միջոցով, այն փորձարկած յուրաքանչյուր երեխա, այսօր լինի ուղևորի, թե վաղը՝ վարորդի նստատեղին, անպայման կերթևեկի ամրակապված՝ պահպանելով օրենքն ու սեփական անվտանգությունը։

Տեսանյութը՝ police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել