Փաստաբանները արձագանքել են այսօր Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից արված հայտարարությանը, համերաշխոթյան կոչին, որում մասնավորապես ասվում էր.« Պատրաստ եմ ընդդիմախոսներիս հետ հարաբերությունները պարզել (լուծման նպատակով) իրենց համար ընդունելի ցանկացած ձևով, այդ թվում՝ հրապարակային՝ լրատվամիջոցների ներկայությամբ»:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ միշտ պատրաստ է եղել ողջունել ցանկացած դրական քայլ, կամա թե ակամա գործած սխալների շտկմանն ուղղված գործողություն։
«Համոզված եմ, որ անտեղի որակումներով համեմված դեկլարատիվ արտահայտությունները կամ արհեստական պայմանավորվածությունները որևէ դրական արդյունք չեն կարող ունենալ, հատկապես այս` փաստաբանության համար իրոք ճգնաժամային պահին: Խոսքերն ուժ ունեն, երբ վավերացված են գործողություններով, ուստի կարիք չունենալով ամպագոռգոռ բառեր ասելու, կրկնեմ, որ այսուհետ ևս իրավիճակը շտկելուն, գործած սխալներն ուղղելուն միտված ցանկացած քայլ ողջունելի է լինելու, միաժամանակ ցանկացած կործանարար գործողություն` դատապարտելի։ Ցանկացած ոլորտում առողջ տարակարծությունը առաջընթաց է, իսկ արհեստական միակարծությունը` մահ»,-նշել է նա:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն ի պատասխան ՓՊ նախագահի համերաշխության կոչի, գրել է, որ թեև Փաստաբանների պալատի նախագահ պարոն Արա Զոհրաբյանն իր կոչի մեջ օգտագործել էր «ընդդիմախոս» և «վիրավորված» բառերը, այդուհանդերձ պետք է նշեմ, որ ես ընդդիմախոս չեմ, ոչ էլ, առավել ևս, վիրավորված:
«Հանձինս պալատի նախագահի ու խորհրդի՝ ես դժգոհել եմ նրանց որոշակի գործունեությունից և այդ մասին հայտնել եմ հրապարակավ: Կարծում եմ՝ իմ (նաև իմ բազմաթիվ գործընկերների) հնչեցրած քննադատությունները եղել են տեղին ու կառուցողական, որոնք անհրաժեշտ են Փաստաբանների պալատի պարոն նախագահին: Դրանց (քննադատությունների) բացակայությունը կվկայի մեկ փաստ՝ առանց այլընտրանքի ու միահեծան մարմնի առկայություն, ինչը կհանգեցնի փաստաբանական համայնքի կործանման:
Ես հարաբերություններ պարզելու խնդիր կամ ցանկություն չունեմ, սակայն պարոն Ա. Զոհրաբյանին առաջարկ ունեմ. հարգելի՛ պարոն Զոհրաբյան, առաջարկում եմ հետ կանչել Ձեր ստորագրությունը օգոստոսի 3-ին Փաստաբանների պալատի և Դատական դեպարտամենտի համատեղ հայտարարությունից»,-գրել է նա: