Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին, գրում է Լենտա.ru-ն:

«Պատժի կրումից ազատել ծանր հանցագործությունների վերաբերյալ 2017 թ.-ի հուլիսի 20-ին Բաքվի դատարանի որոշմամբ ազատազրկման տեսքով պատժի դատապարտված 1976 թվականին ծնված Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- ասվում է հրամանագրում:

Նշենք, որ 2011 թ.-ի ապրիլին և 2012թ.-ի հոկտեմբերին Լապշինը այցելել էր Արցախի Հանրապետություն, ինչից հետո Բաքուն նրա սև ցուցակ էր գցել: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման:

Ինչպես նշվել է դատավճռում, Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին՝ Ադրբեջանի դիմումի համաձայն, և արտահանձնվել Բաքվին 2017 թվականի փետրվարի 7-ին՝ 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Արցախ այցելելու, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել