Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականի ընթացքում կազմել է շուրջ 39.459 մլրդ դրամ, որը հանրապետությունում արտադրված արդյունաբերական արտադրանքի 2.8 տոկոսն է: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճի տեմպը կազմել է 13.7 մլրդ դրամ կամ 53.4 տոկոս: Մարզպետի խոսքով, համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2016թ.-ի ընթացքում կազմել է 88.5 մլրդ դրամ, որը հանրապետությունում գյուղատնտեսական համախառն արտադրանքի 9.8 տոկոսն է: Մարզպետը նշել է, որ այս տարվա ընթացքում գյուղոլորտում նախատեսվում է 2 տոկոսի աճ: Արագածոտնի մարզում 2017թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի, բարեգործական կազմակերպությունների և հիմնադրամների միջոցներով իրականացվում են 104 մլրդ 190 մլն 381 հազար դրամի շինարարական աշխատանքներ, որոնցից 2017թ.-ի Արագածոտնի մարզի թվով 114 համայնքի բյուջեների ընդհանուր եկամուտը նախատեսվել է 3 մլրդ 733 մլն 419 հազար դրամ, իսկ սեփական եկամուտների պլանը նախատեսված է 1 մլրդ 254 մլն դրամ կամ ընդհանուր բյուջեի 33.6 տոկոսը: 2017թ. սեփական եկամուտների պլանը 2016թ.-ի նկատմամբ ավելի է 235 մլն դրամով, աճը կազմում է 23 տոկոս: 2017թ.-ի օգոստոսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 552 մլն 176 հազար դրամ՝ նախատեսված 592 մլն 197 հազար դրամի փոխարեն կամ 7 ամսվա պլանը կատարվել է 93.2 տոկոսով: 2016թ.-ի նույն ժամանակաշրջանի համեմատ աճը կազմել է 120 տոկոս: Աշոտ Սիմոնյանը զեկուցել է, որ մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում է 2 հազար 344 ուսուցիչ: Ուսուցիչ-աշակերտ հարաբերակցությունը 1/7 է: Մարզի առողջապահական համակարգի բուժհիմնարկների 2017թ. ընդհանուր բյուջեն կազմում է 1 մլրդ 583 մլն 106 հազար դրամ: Ընթացիկ տարում պետական մասնակցությամբ բժշկական կենտրոնների վճարովի ծառայության ծավալը կազմել է 104 մլն դրամ: Մայիսի 27-ին և հուլիսի 29-ին կայացած հանրապետական շաբաթօրյակների ընթացքում մարզում իրականացվել են ծավալուն աշխատանքներ: Այդ գործընթացի արդյունքում հայտնաբերված 136 աղբանոցից փակվել է 124-ը: Նշվել է, որ մարզի Աշտարակի տարածաշրջանի 17 համայնքի աղբահանությունն իրականացնում է «Էկո-կենտրոն» ՍՊԸ-ն: Տարածաշրջանի ևս 13 համայնքի հետ առաջիկայում կկնքվեն աղբահանության պայմանագրեր: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ մարզի զարգացման ռազմավարության հիմնական գերակայություններն ու նպատակներ են՝ ժամանակակից արդյունաբերության զարգացումը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը, արդիականացումը, զբոսաշրջության խթանումը, մարզի ճանաչողականության բարձրացումը, ենթակառուցվածքների զարգացումը և այլն: Խոսելով զեկույցում ներկայացված տարբեր ոլորտային ցուցանիշների մասին՝ Կարեն Կարապետյանը նախ անդրադարձել է գյուղատնտեսության բնագավառին և անբավարար գնահատել մարզում 2 տոկոսի աճ ապահովելու թիրախը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ինտենսիվ այգիների, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, մթերումների կազմակերպման, գյուղտեխնիկայի համալրման ուղղությամբ կառավարության սուբսիդավորվող վարկային ծրագրերը միտված են արդյունավետության բարձրացմանն ու ինտենսիվության ապահովմանը: Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն նշել է, որ Արագածոտնում նշված ուղղություններով իրականացվում են տարբեր ծրագրեր՝ վստահեցնելով, որ դրանք կնպաստեն աճի ավելի բարձր տեմպերի ապահովմանը: Որպես արդյունավետության օրինակ՝ նշվել է, որ վերջերս մարզում հիմնվել է 33 հեկտար ինտենսիվ այգի՝ կաթիլային ոռոգման համակարգով: Արդյունքում, այգու սեփականատերը մեկ տարվա ընթացքում վճարել է ընդամենը 100 հազար դրամ ջրի վարձ: Նույն տարածքով այգու ջրի վարձը, ըստ մասնագետների, տարեկան սովորաբար կազմում է 3,3 մլն դրամ: Մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ողջունել է կառավարության նշված ծրագրերի իրականացումը և վստահեցրել, որ դրանցով հետաքրքրվողների թիվը գնալով ավելանում է: Արձագանքելով՝ վարչապետն ընդգծել է. «Գյուղատնտեսությամբ զբաղվելը մեր երկրում պետք է գրավիչ դառնա: Վստահ եմ, որ այս ծրագրերով մեր գյուղացուն հնարավորություն ենք տալու արժանավայել աշխատանքով պահել իր տունը: Գյուղատնտեսության զարգացումը մեզ համար գերխնդիր է»: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել մարզի համայնքների սեփական եկամուտների աճի տեմպերից, միաժամանակ շեշտել, որ համայքների միջև համեմատականը ցույց է տվել կարգապահության բարձրացման խնդրի առկայություն: «Ֆինանսական առումով մարզի ցուցանիշներն ու աճի տեմպերը գոհացուցիչ են: Ուրախալի է նաև, որ ոլորտի պատասխանատուները գիտեն յուրաքանչյուր համայնքի ուժեղ և թույլ կողմերը, ինչը կնպաստի ֆինանսական կարգապահության ապահովմանը», – ասել է վարչապետը: Կարեն Կարապետյանը տպավորիչ է համարել նաև մարզում աղբահանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Զեկուցվել է, որ ակտիվ աշխատանքներ են տարվում ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ աղբահանության պայմանագրերի կնքման ուղղությամբ: 2017թ.-ի ընթացքում նախատեսվում է ֆիզիկական անձանց մասով աղբահանության հավաքագրումները նախորդ տարվա 50 մլն դրամի փոխարեն հասցնել 150 միլիոնի, իսկ իրավաբանական անձանց մասով՝ ներկայիս 19-ի փոխարեն 59 մլն դրամի: «Այս պարագայում վստահ եղեք, որ ձեր սեփական եկամուտները բավարար են լինելու սանմաքարման գործընթացը լավագույնս կազմակերպելու համար, իսկ պետական դոտացիաները կկարողանաք ուղղել այլ ծրագրերի իրականացմանը», – ասել է վարչապետը: Անդրադառնալով կրթության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը կարևորել է օպտիմալացմանը միտված քայլերի իրականացումն ու տնտեսված միջոցները կրթության որակի բարձրացմանն ուղղելը: Խոսելով առողջապահական հիմնարկների գործունեության մասին՝ կառավարության ղեկավարը նկատել է, որ վճարովի ծառայությունների դիմաց եկամուտների մակարդակը, որը կազմում է 104 մլն դրամ, խիստ ցածր ցուցանիշ է: «Այս ոլորտում ունենք մեծ ստվեր: Մեր թիրախը հետևյալն է. վճարովի ծառայություններից ստացված եկամուտների մակարդակը պետք է համարժեք լինի պետպատվերի մակարդակին, այսինքն, պետք է կազմի 1,5 մլրդ դրամ: Այս առումով, ձեր ցուցանիշները գոհացուցիչ չեն: Անհրաժեշտ են կոշտ քայլեր՝ ստվերը կրճատելու համար», – ասել է Կարեն Կարապետյանը: Վարչապետին զեկուցվել են նաև Արագածոտնի մարզում բիզնես ծրագրերի իրականացման, զբոսաշրջության, ենթակառուցվածքների ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Արագածոտնի մարզ այցի շրջանակում վարչապետ Կարապետյանն այցելել է նաև Ապարանի թռչնաբուծական և խոզաբուծական ֆերմերային տնտեսություն, շոկոլադի արտադրությամբ զբաղվող «Գուրմէ Դուրմէ» ընկերություն: Կառավարության ղեկավարը ծանոթացել է ֆերմերային տնտեսության գործունեությանն ու շոկոլադի արտադրության ծրագրերին: Տեղեկացվել է, որ Ապարանի ֆերմերային տնտեսությունը, որտեղ իրականացվել է 2 մլն եվրոյի ներդրում, ունի 40 հազար թռչուն և 1000 գլուխ խոզ: Արտադրված հավկիթը իրացվում է տեղական շուկայում, իսկ խոզի մսի իրացումը նախատեսվում է միայն որոշ ժամանակ անց: Կարեն Կարապետյանը ողջունել է իրականացված ծրագիրն ու նշել, որ կառավարությունը պատրաստ է համապատասխան օժանդակություն ցուցաբերել տնտեսության զարգացմանը միտված ծրագրերին: Արդյունքում, ֆերմերային տնտեսության ղեկավարները ծրագրերը կքննարկեն Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ: Շոկոլադի արտադրությամբ զբաղվող ընկերությունն էլ արդեն իսկ ավարտել է արտադրական նոր գործարանի շինարարությունը: «Գուրմէ Դուրմէ»-ի ֆրանսահայ գործարարները կատարել են լրացուցիչ 200 հազար եվրոյի ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ: Նախատեսվում է արտադրանքն արտահանել ԵԱՏՄ շուկաներ: