Ոստիկաններն ու քննիչը հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման մեջ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի հատկանիշներով քննված ևս երկու քրեական գործի նախաքննություն: Արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների կատարման` բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և քրեական գործով ապացույցներ կեղծելու մեջ, հաըտնում է  ՀՀ հատուկ քնչական ծառայության կայքը :

Քրեական գործերից մեկի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավոր, բնակարանային գողությունների մեջ մեղադրվող Սեյրան Գալստյանը ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրել է ծանր  հանցագործության կատարման մեջ: Ս. Գալստյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 22.06.2017թ.-ին հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակից Հայկ Երիցյանն ու ևս երկու ոստիկան ծեծի են ենթարկել իրեն: Ոստիկանության պաշտոնատար անձինք այդ կերպ պահանջել են ցուցմունք տալ, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է իր երեք ընկերների հետ: Ըստ Ս. Գալստյանի` հաջորդ օրը նույն ոստիկանները Արարատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի խցում կրկին ծեծի են ենթարկել իրեն ու պահանջել հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական ու դատավարական բազմաթիվ գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով և գործով ձեռք բերված մյուս ապացույցներով հիմնավորվել է, որ կալանավորը հաղորդում է տվել տեղի չունեցած հանցագործության մասին` ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողներին հանիրավի մեղադրելով ծանր հանցագործության, այն է՝ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ: Նշված հանցավոր արարքի կատարման համար Ս. Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Մյուս քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Մարիետա Խաչատրյանը քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչին հանիրավի մեղադրել է նշված գործով ապացույց կեղծելու մեջ: Այսպես, Մ. Խաչատրյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 04.08.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ Սուրեն Դումանյանըհարցաքննության արձանագրությունում ներառել է իրականությանը չհամապատասխանող՝ իր կողմից չհայտնած ապացուցողական նշանակություն ունեցող տեղեկություն: Հիշյալ հաղորդմամբ Մ. Խաչատրյանը քննիչ Ս. Դ.-ին հանիրավի մեղադրել է ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ քրեական գործով ապացույց կեղծելու մեջ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների, այդ թվում` հարցաքննված անձանց և Մ. Խաչատրյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հիմնավորվել է, որ վերջինս գիտակցաբար սուտ տեղեկություններ է հայտնել նախաքննական մարմնին, որի համար նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել