Ներկայացվել են շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մայրաքաղաքի զբոսայգիներում և պուրակներում շների զբոսանքի համար առանձնացված վայրերի նախնական առաջարկները:

Դավիթ Օհանյանը նշել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարականի համաձայն վարչական շրջանների և համապատասխան ստորաբաժանումների կողմից առանձնացված տարածքների առաջարկները կազմվել են՝ հաշվի առնելով շներին զբոսանքի դուրս բերելու հետ կապված մայրաքաղաքի բնակչության դժգոհությունը:

Քաղաքապետի տեղակալը նաև հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանն ուսումնասիրել է նմանատիպ տարածքների կահավորման հետ կապված միջազգային փորձը և ընդգծել, որ այդ հարցում քաղաքապետարանն ակնկալում է տարբեր կազմակերպությունների ներգրավման հնարավորությունը և դոնոր կառույցների աջակցությունը:

Շեշտելով նախաձեռնության նշանակությունը մայրաքաղաքի և շնասերների համար՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ համապատասխան վայրերի առանձնացումը կարևոր քայլ կլինի և էապես կնպաստի այս խնդրի կարգավորմանը:
Հանդիպման շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ այցեր կազմակերպելու և տեղում ստուգելու շների համար առանձնացվող վայրերի հարմարավետությունն ու նպատակահարմարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել