Հարավային Կորեայի դատարանը դատապարտել է Լի Ջե-Յոնգին, ով դերակատարում է ունեցել նախկին նախագահ Փարք Գուեն-հայի հանդեպ անվստահության հանգեցրած միջադեպում, այս մասին տեղեկացնում transparency.org-ը,
Կաշառակերության միջադեպը, որի արդյունքում Հարավային Կորեայի նախագահը պաշտոնազրկվել էր, խոշոր բիզնեսում իրարանցում առաջացրեց այն բանից հետո, երբ Samsung ընկերության ներկայիս նախագահ Լի Ջե-Յոնգը դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման` կաշառք առաջարկելու և պաշտոնի չարաշահման կապակցությամբ:
Հարավային Կորեայի երրորդ ամենահարուստ անձ, ընդլայնվող Samsung կայսրության միլիարդատեր ժառանգորդը մեղադրվել է գահընկեց արված նախագահ Փարք Գուեն-հայի մոտ ընկերուհու և ենթակայի վարած հիմնադրամներին, քաղաքական աջակցության դիմաց, խոշոր ներդրումներ կատարելու մեջ:
Ըստ Հարավային Կորեայի Յոնհափ լրատվական գործակալության, դատարանը փաստում է, որ Լին կաշառքներ է տվել, որոնք հավանություն են ստացել Փարքի կողմից:
Լիի փաստաբաններն ասել են, որ պատրաստվում են բողոքարկել մեղադրանքը:
«Որպես փաստաբան` ես չեմ կարող համաձայնել դատավճռում տեղ գտած իրավաբանական որոշումների և ճանաչված փաստերի հետ: Մենք կբողոքարկենք դատավճիռը և ես վստահ եմ, որ վերաքննիչ դատավարության արդյունքում բոլոր մեղադրանքները կհանվեն:»,- ասել է Samsung ընկերության իրավաբան Սոնգ Վու-Չեոն դատարանից դուրս:
Հնարավոր է, որ Լիի գործը քննվի երկրի բարձրահույն դատարանում: Հավանաբար դա տեղի կունենա հաջորդ տարի:
Երբ դատարանը Լիին մեղավոր ճանաչեց կաշառակերության, հափշտակության, ակտիվները արտասահմանում թաքցնելու և հանցավոր գործունեությունից ու պաշտոնի չարաշահումից ստացված շահույթը թաքցնելու մեջ, նա ոչ մի կերպ չարձագանքեց:
Ավելի վաղ, հարավկորեական հեռուստաընկերության լրագրողները ուղեկցել էին նրան կալանավայրից մինչև դատարան: Նա արդարադատության նախարարության ավտոբուսից դուրս էր բերվել ձեռնաշղթաներով, սպիտակ պարանով կապված և փաստաթղթերի մի ծրար ձեռքին:
Անցյալ տարի հանրությունը դատարանի վրա մեծ ճնշում գործադրեց, որպեսզի Փարքը մեղավոր ճանաչվի: Արդյունքում նրա շուրջ տարածված աղմուկն ավարտվեց նրա հանդեպ անվստահության հայտնմամբ և կոչերով, որպեսզի Հարավային Կորեան ընդունի, որ տասնամյակներ շարունակ գտնվել է բարձրաստիճան քաղաքական գործիչների միջև գաղտնի կապերի և ընտանեկան ցանցային բիզնեսների` չեյբոլի ազդեցության ներքո:
Մինչ 49 ամյա Լի Ջե-Յոնգը, ով հայտնի է նաև որպես Ջեյ Ուայ Լի, խուսափեց մեղադրողների կողմից պահանջված 12 տարվա ազատազրկումից, այնուամենայնիվ նրա նկատմամբ կայացված դատավճիռը ամենաերկարն է հարավկորեական չեյբոլի առաջնորդների նկատմամբ երբևէ կիրառվածներից:
Samsung ընկերության չորս այլ գործադիրներ ևս դատապարտվեցին` արժանանալով մինչև չորս տարվա ազատազրկման:
Լիի դատապարտումը կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ Փարքի համար, հաշվի առնելով այն փաստը, որ նրանց գործերը փոխկապակցված են: Փարքին սպասվում է հավանական ցմահ կալանք: Նրա նկատմամբ դատավճիռը կկայացվի այս տարի ավելի ուշ:
Ավելի քան 400 մարդ դիմել է դատարանում քաղաքացիների համար նախատեսված 30 նստատեղի համար, որպեսզի ականատես լինի «դարի դատավարությանը», ինչպես այն անվանել են երկրի լրատվամիջոցները:
Դատարանից դուրս հարյուրավոր ոստիկաններ կարգված էին` կանխելու քննադատների և Լիի ու Փարքի կողմնակիցների միջև բախումները: Վերջինս նախկին բռնապետի դուստրն է, ով Հարավային Կորեայում ընտրված առաջին կին նախագահն էր: Նա ընտրվել է 2012-ի վերջին և սկսել է պաշտոնավարել 2013-ի Փետրվարից:
Չնայած Լիի իրավաբանականկան թիմը պնդում է, որ վերջինս քիչ է մասնակցել Samsung առօրյա ղեկավարմանը, դատարանը եզրահանգեց, որ նա հաստատել է Փարքի ընկերուհուն` Չոի Սուն-Սիլին փոխանցված նվիրատվությունները` կառավարական աջակցության դիմաց, որը տրվել է Samsung երկու դուստր ձեռնարկությունների շարունակական միաձուլման համար, ինչը կուժեղացներ ընկերության նկատմամբ նրա վերահսկումը:
Թարգմանությունը` Վիկտորիա Բադալյանի