Նոր զարգացումներ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրինագծի շուրջ

 

«Կրոնի և իրավունքի կենտրոն» գիտահետազոտական ՀԿ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ներկայումս լրամշակման փուլում է գտնվում «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը հունիսի 1-ին ներկայացվել էր Արդարադատության նախարարության կողմից։

Դեռևս հունիսի 16-ին կայացած առաջին հանրային քննարկման ժամանակ պարզ դարձավ, որ փորձագետների բարձրաձայնած գլխավոր հայեցակարգային խնդիրը հետևյալն էր՝ արդյոք տվյալ օրինագիծը տարածվելո՞ւ է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու գործունեության նկատմամբ, թե՞ ոչ։

Բանն այն է, որ օրենքի նախագծի ձևակերպումից ավելի հասկացվում է, որ սույն օրինագծի կարգավորումները տարածվելու են բոլոր կրոնական միավորումների վրա, բացառությամբ ազգային եկեղեցու, որի առանձնահատուկ հարաբերությունները պետության հետ կարգավորվում են առանձին օրենքով։

Այդ դեպքում բաց էր մնում այն հարցը, թե ինչպես են կարգավորվելու մտքի, խղճի, կրոնի ազատության և ՀԱՍԵ-ի գործունեության հետ կապված ընդհանուր հարաբերությունները, եթե «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև հարաբերությունների մասին» 2007 թվականից գործող օրենքով կարգավորվում են միայն առանձնահատուկ հարաբերությունները։

Եվ ահա հուլիսի 28-ին հրապարակվեց Արդարադատության նախարարության՝ այս մասով տրված մեկնաբանությունը (տես՝ https://am.epfarmenia.am/wp-content/uploads/2017/07/FoRB-Law_-MoJ-clarification-letter.pdf), որում, մասնավորապես, ասվում է, որ նախագիծը տարածվում է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես կրոնական կազմակերպության, գործունեության վրա։

Սա կարևոր հստակեցում է, քանի որ դա նշանակում է, որ թեև Հայ Առաքելական Եկեղեցին՝ որպես 1700-ամյա պատմական դերակատարություն ունեցող ազգային եկեղեցի, վայելում է առանձնահատուկ վերաբերմունք ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի ու «ՀՀ և ՀԱՍԵ-ի միջև հարաբերությունների մասին» օրենքի շնորհիվ, այդուհանդերձ, այն դուրս չի մնալու խղճի և դավանանքի ազատության ոլորտի մայր օրենքով սահմանվող իրավունքների ու պարտականությունների, հաշվետվողականության և մնացած կարգավորումների տիրույթից։

Սա հավասարակշռող դեր կկատարի, քանի որ, մի կողմից՝ կընդգծվի ՀԱՍԵ-ի առանձնահատուկ կրոնական կազմակերպություն լինելու հանգամանքը, մյուս կողմից՝ չեն ստեղծվի այնպիսի տարբերակված անբարենպաստ ու անհավասար պայմաններ, որոնց պատճառով կոտնահարվեին մյուս կրոնական միավորումների իրավունքները և առօրյա կյանքում կհանգեցնեին կրոնական խտրականության աճի։

Ի դեպ, պետք է նկատել, որ ներկա նախագիծը վերջին 10 տարիների ընթացքում խղճի և դավանանքի ազատության ոլորտի վերաբերյալ մշակված առավել հաջողված տարբերակն է, որը ձերբազատվել է նախկին օրինագծերի անհարկի սահմանափակումներից ու արգելքներից, և հեղինակների կողմից հաշվի են առնվել միջազգային չափանիշներն ու Վենետիկի հանձնաժողովի նախկինում արված առաջարկություններից շատերը։

Ճիշտ է՝ օրինագծում առկա են դեռևս լրամշակման և վերանայման ենթակա մի շարք դրույթներ, որոնց առնչությամբ Արդարադատության նախարարությունն այս ընթացքում ստացել է բազմաթիվ առաջարկություններ թե՛ փորձագետների և մասնագիտական կառույցների, և թե՛ կրոնական միավորումների կողմից (տես՝ https://www.e-draft.am/projects/246/about)։   

Առաջիկայում սպասվում է օրինագծի հանրային քննարկման երկրորդ փուլը, որից հետո ենթադրվում է, որ այն կուղարկվի Վենետիկի հանձնաժողով՝ իրավական փորձաքննության, իսկ Ազգային Ժողով կմտնի, ամենայն հավանականությամբ, մինչև տարեվերջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել