Վերջին երկու տարիների ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարի բնագավառում Հայաստանում զգալի աշխատանք է կատարվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 28-ին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Էլեոնորա Վիրաբյանը: Ըստ տիկին Վիրաբյանի, ի հայտ եկած փաստերով, մեծ թիվ են կազմել հատկապես աշխատանքային շահագործման դեպքերը՝ ընդհուպ ընտանիքներով:
«Կանանցից և տղամարդկանցից զատ՝ թրաֆիքինգի կամ հարկադիր աշխատանքի են ենթարկվում նաև անչափահաս երեխաները: Շատ դեպքերում մարդիկ աշխատանք են փնտրում և վստահում են հարևան-բարեկամներին, ովքեր այստեղ կամ արտերկրում գրավիչ աշխատանք են առաջարկում: Այլ հարց է, երբ երեխաներին թրաֆիքինգի ենթարկում են հենց ծնողները»,- նշել է ոլորտի ներկայացուցիչը՝ հորդորելով կասկածներ ունենալու դեպքում 114 հեռախոսահամարով զանգահարել նախարարության թեժ գծին:
Մասնագետը նաև նշել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարը առավել արդյունավետ դարձնելու նպատակով մշակվել են ենթաօրենսդրական ակտեր և կարգավորվել են ﬕ շարք հարցեր՝ կապված հանձնաժողովի աշխատանքի, զոհերի ուղորդման ﬔխանիզﬓերի ու նրանց պաշտպանության հետ:
Թեմայի շուրջ ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի դեմ հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը նշել է, որ թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները Հայաստանում ինստիտուցիոնալ առումով ունեն մոտ 10 տարվա պատմություն և այդ ընթացքում արձանագրվել են զգալի տեղաշարժեր, նվաճումներ:
«10 տարիների ընթացքում մեր արձանագրած հաջողություններն իսկապես զգալի են: Անկախության առաջին տարիների համեմատ թրաֆիքինգի զոհերի քանակը անհամեմատ կրճատվել է: Եթե 1992-1993 թթ. մեկ քրեական գործով անցնում էր թրաֆիքինգի 200 զոհ, ապա վերջին տարիներին քրեական գործերում ընդգրկված է լինում մեկ կամ երկու անձ»,- ընդգծել է Կաժոյանը:
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության 3-րդ վարչության Թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանի տեղեկացմամբ՝ 2017 թ. Հայաստանում արձանագրվել թրաֆիքինգի 7 դեպք, որից 4 աշխատանքային շահագործման դեպքեր են, 3-ը՝ սեռական: Աշխատանքային թրաֆիքինգի բոլոր դեպքերը ներքին են, այսինքն, Հայաստանի քաղաքացիները շահագործման են ենթարկվել հենց ՀՀ սահմաններում, ընդ որում, մեկը մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով:
«Սեռական շահագործման դեպքերից մեկը կրկին ներքին է, երկուսը արտաքին, որոնցից մեկը տեղի է ունեցել Թուրքիայում, մեկը՝ ԱՄԷ-ում: Նշված դեպքերով ի հայտ են եկել թրաֆիքինգի ենթարկված 12 անձ, որոնցից 6 անչափահաս է եղել»,- հայտնել է Հովսեփյանը:
Իրավաբան.net