Կառավարությունը հաստատելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը

Կառավարության հուլիսի 27-ի նիստի օրակարգում նախատեսվում է հաստատել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը:

Նախագծից տեղեկանում ենք, ՀՀ կառավարությանն է ուղղել «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության գրությունը, որով վերջինս խնդրել է Հայաստանի Հանրապետության կառավարության գրավոր համաձայնությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Ասիական զարգացման բանկից վարկային միջոցներ ներգրավելու նպատակով, որպես ապահովման միջոց սեփականության իրավունքով «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի 69,9 տոկոսը կազմող՝ 172496 հատ սովորական բաժնետոմսերի գրավադրման համար:

Միաժամանակ նշվել է, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության, «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված համաձայնագրով՝ «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համապարտ պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Հանրապետության կառավարության և «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերության միջև 2002 թվա­կանի օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից (հետագա բոլոր լրա­ցումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության և «Կասկադ-Էներգացանց» սահմանափակ պատաս­խանատվությամբ ընկերության միջև 2015 թվականի հոկտեմբերի 30-ին կնքված համա­ձայնագրից, «Էներգետիկայի մասին», «Երևանի էլեկտրացանց», «Հյուսի­սային էլեկտրա­ցանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնե­տի­րական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից բխող՝ «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերության (գնորդի) բոլոր պարտավորությունների համար, ներառյալ նաև այն, որ գնորդը չպետք է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 67 տոկոս բաժնետոմսերը ծանրաբեռնի կամ օտարի  առանց նախօրոք ստանալու Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունը:

Այսպիսով ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածով հաստատվում է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավադրման պայմանների համաձայնությունը և հանձնարարվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ ստորագրել համաձայնությունը:

Համաձայնության ուժի մեջ կմտնի և վավերական կդառնա միայն եթե ՎԶԵԲ-ի և ԱԶԲ-ի հետ կնքվելիք՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գրավի պայմանագրերի համաձայն գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգում ներառվեն պայմաններ, որոնցով բացառվի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը առանց ՀՀ կառավարության և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գրավոր համաձայնությունների:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել