Էդմոն Մարուքյանն այցելել է Հրաչյա Հարությունյանին

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր տեսակցել է Ռուսաստանից հուլիսի 20-ին Հայաստան տեղափոխված դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին. այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Հրաչյա Հարությունյանին, որն արդեն երկու օր է ՌԴ Տամբովի քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն։

Այս պահին Հրաչյա Հարությունյանն իր ունեցած առողջական խնդիրների հետ կապված համապատասխան բժշկական զննություն է անցնում։ Հրաչյայի տրամադրությունը շատ բարձր էր, նա շատ հուզված էր և ասում էր, որ բառեր չի գտնում որպեսզի արտահայտի իր շնորհակալությունը հայ ժողովրդին այդ դժբախտ պատահարի պահին և մինչ օրս իր ու իր ընտանիքի կողքին կանգնելու համար»,– գրել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Հայաստան է տեղափոխվել «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով՝ պատժի մնացած մասը կրելու համար:  Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն վերը նշված կոնվենցիայի 10-րդ հոդվածի, օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը:

ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց և այն կատարման ուղարկելուց հետո ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը և պատիժը կրելու վայրը  որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի շրջանում ԿԱՄԱԶ մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանով 18 մարդ էր զոհվել: Նա մեղավոր է ճանաչվել ՌԴ Օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով:

Ռուսաստանի Տամբովի մարզի շրջանային դատարանը որոշում էր ընդունել դատապարտյալ Հրաչյա Հարությունյանին Ռուսաստանից Հայաստան տեղափոխելու մասին, որն ուժի մեջ էր մտել հուլիսի 4-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել