Մասնակի կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն նաև թատերական, թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասանները:
Մասնավորապես` օրենքի համաձայն` «Մասնակի կենսաթոշակ նշանակվում է`
….
2) թատերական և թատերահանդիսային կազմակերպությունների որոշ կատեգորիաների դերասաններին, եթե լրացել է նրանց 50 տարին և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 12 օրացուցային տարին մասնագիտական ստաժ է.»:
Եվ այսպես` վերոնշյալ կատեգորիաներին պատկանում են հետևյալ անձինք.
1. Բալետի պարողներ, պրոֆեսիոնալ-գեղարվեստական կոլեկտիվների պարային համարներ կատարող դերասաններ, տրավեստի (տղայի կամ պատանու դեր կատարող կին) դերասաններ (արտիստներ):
2. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական, պատանի հանդիսատեսի թատրոնների դերասաններ (արտիստներ)՝ բացի նվագախմբերի դերասաններից, տիկնիկային թատրոնի տիկնիկներ խաղացնող դերասաններ (արտիստներ):
3. Օպերայի և բալետի, երաժշտական կոմեդիայի, երաժշտական‑դրամատիկական թատրոնների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների նվագախմբերում և սինֆոնիկ նավագախմբերում, ինչպես նաև համերգային կազմակերպությունների նվագախմբերում և երաժշտական էստրադային նվագախմբերում փողային գործիքներ նվագողներ:
4. Համերգային կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոհաղորդումների մենակատար վոկալիստ արտիստներ (դերասաններ):
5. Երգչախմբային կոլեկտիվների բարձր կարգի (կատեգորիայի) դերասաններ (արտիստներ), ծաղրածուներ:
6. Կրկեսի և համերգային կազմակերպությունների օդային մարմնամարզիկներ, սարքերի վրա աշխատող մարմնամարզիկներ, մոտոհեծանվաֆիգուրիստներ, ակրոբատներ, էկվիլիբրիստներ, ըմբիշներ, ուժային աճպարարներ, հեծյալ ակրոբատներ, լարախաղացներ, վայրի գազաններ վարժեցնողներ, կրկեսային բոլոր ժանրերի թզուկ-դերասաններ, կրկեսային համարներ կատարող ծաղրածուներ, կասկադյորներ:
.
Աղբյուրը` Իրավաբան.net