Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) նախաձեռնությամբ Կապանում այսօր բացվել է ակնաբուժական նոր կենտրոն։ Հանդիսությանը մասնակցել են ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը, ԱՄՆ-ից ժամանած անվանի ակնաբույժեր և ՀԱՆ-ի բարերարներ, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, հանրապետության առաջատար ակնաբժական կենտրոնների ներկայացուցիչներ, սյունեցիներ։
«2005 թվականից Հայկական ակնաբուժության նախագծի Աչքի շարժական հիվանդանոցը երկու տարին մեկ անգամ այցելել է Սյունիք և մարզի խոշոր համայնքներում ակնաբուժական ծառայություններ մատուցել` լուծելով հրատապ ակնաբուժական խնդիրներ։ Սակայն առավել հասանելի և հետևողական ակնային խնամքը պահանջում էր նոր մոտեցում։ ՀԱՆ-ի արդեն իսկ գործող կենտրոնների փորձը ցույց է տալիս, որ մարզային մեր ակնաբուժական կենտրոնները լուծում են այդ խնդիրը։ Ընդլայնվել է ակնաբուժական ծառայությունների ցանկը՝ ապահովելով դրանց շարունակականությունը և հասանելիությունը մազի բոլոր սոցիալական շերտերի համար»,-ասել է ՀԱՆ-ի հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանը:
Կենտրոնի բացման կապակցությամբ սյունեցիներին, Հայկական ակնաբուժության նախագծի ներկայացուցիչներին իր ուղերձն էր հղել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, որը ներկայացրել է ՀՀ ԱՆ աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։
«Ես շնորհավորում և կիսում եմ ձեր ուրախությունը։ Սյունիքի մարզի բնակիչներն այսուհետև բարձրորակ ակնաբուժական ծառայություններ կստանան ժամանակակից սարքավորումներով հագեցած այս կենտրոնում։
Ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի և որպես առողջապահության նախարար ցանկանում եմ երախտիքի խոսքս ուղղել Հայկական ակնաբուժության նախագծին և նրա հիմնադիր-նախագահ Ռոջեր Օհանեսյանին, բոլոր այն բարերարներին, ովքեր մասնակցություն են ունենում հայրենանվեր այս գործին»,-ասված էր նախարարի ուղերձում։
Մարզպետ Վահե Հակոբյանն իր խոսքում նշել է, որ մարզում լայնածավալ աշխատանքներ են տարվում առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղությամբ, և ՀԱՆ մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը հերթական քայլն է:
Մասնակիցները ծանոթացել են կենտրոնի հնարավորություններին։ Նորագույն սարքավորումներով հագեցած վիրահատարանը և ակնային զննումների սենյակները հնարավորություն կտան մատուցելու ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։
Նշենք, որ Հայկական ակնաբուժության նախագծի ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում ՀԱՆ-ի բժշկական խմբերը և Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ՝ ինչի արդյունքում ավելի քան 27 հազար սյունեցի ակնաբուժական հետազոտություն է անցել, ավելի քան 3 հազարը` խորացված հետազոտություն։ Աչքի շարժական հիվանդանոցում իրականացվել է շուրջ 2 հազար վիրահատություն և լազերային բուժում, ավելի քան 5,500 բնակիչ ակնոց է ստացել:
Նորաբաց կենտրոնում վիրահատությունները կիրականացվեն ՀԱՆ-ի և Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի կողմից վերապատրաստում անցած փորձառու մասնագետների վերահսկողությամբ: Անհրաժեշտության դեպքում տեղի բուժանձնակազմը վիրահատարանում առկա տեսակապի միջոցով հենց վիրահատությունների ընթացքում կարող է խորհրդակցել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետների հետ:
Կենտրոնում հիշատակված են մի քանի տասնյակ բարերարների անունները, ովքեր իրենց առատաձեռն նվիրատվություններով հնարավոր են դարձրել այս նախաձեռնությունը։
Ակնային տարածաշրջանային կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ Առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։ Առաջին կենտրոնը բացվել է 2015թ. Տավուշի մարզում, իսկ երկրորդը` 2016-ին` Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Առաջիկա երկու տարվա ընթացքում մարզային ևս երկու կենտրոն կհիմնվի։
Իրավաբան.net