ՀՀ Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնում կատարելու դեպքի առթիվ:
2017 թվականի հուլիսի 20-ին ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի հետաքննության խմբի տեսուչի կողմից Տավուշի մարզի Հովք գյուղի սկզբնամասում հայտնաբերվել է փայտանյութով բարձված «Գազ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որի աջակողմյան հատվածում ևս թափված է եղել փայտանյութ: Նշված ավտոմեքենայի վարորդ Վ. Խ-ն ներկայացրել է 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված թափուկ վառելափայտի տոմս և հայտնել, որ փայտանյութը ձեռք է բերել օրինական թույլտվությամբ:
Սակայն նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի անտառապահ Ս. Խ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2017 թ. հուլիս ամսվա սկզբին իր հորեղբոր որդուն՝ Վ. Խ-ին, բացի 2017 թվականի հունիսի 27-ին Իջևանի անտառտնտեսության կողմից տրված տոմսով թափուկ վառելափայտից, թույլատրել է իր պահպանությանը հանձնված պահաբաժնից ևս երկու անգամ դուրս բերել նախապես չթույլատրված թափուկ վառելափայտ՝ վատնելով իրեն վստահված պետական գույքը:
Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Տավուշի մարզի դատախազության կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցել քրեական գործ և այն ուղարկել ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն` վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: