ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Պասկալ Միշոն կստորագրեն համաձայնագիր՝ Հայաստանում Կայուն դպրոցական սնունդ ծրագրի շարունակականության ապահովման վերաբերյալ:
Ծրագրի գործողության ժամկետն ավարտվել է 2017 թվականի հունիսի 30-ին, այժմ այն երկարաձգվում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2010 թվականից, ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև ձեռքբերված պայմանավորվածությամբ, որի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի / Երևանը ծրագրում ներառված չէ/ տարրական դասարանների աշակերտները դպրոցում ստանում են սնունդ:
2014-2015 թթ. ՀՀ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի բոլոր դպրոցները փոխանցվել են ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման պատասխանատվության ներքո: 2017թ. սեպտեմբերից ևս մեկ մարզ կընդգրկվի ՀՀ Կառավարության «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում: Իսկ արդեն 2018 թվականի սեպտեմբերից ծրագրի ազգային փուլում կընդգրկվի 5-րդ մարզը, իսկ մնացած 5 մարզերում դպրոցական սննդի ծրագիրը կիրագործվի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ:
Այս տարվա համար ծրագրի թիրախը հանդիսանում են նախակրթարաններում և տարրական դասարաններում սովորող 60.000 երեխաները, ովքեր սովորում են ՀՀ վեց մարզերի շուրջ 600 դպրոցներում: Նրանց սնունդ կտրամադրվի տարեկան 180 օր, շաբաթական 5 օր մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում:
Համաձայնագրով նախատեսվում է Դպրոցական սննդի հիմնադրամի միջոցով իրականացնել Դպրոցական սննդի ծրագրի աշխատակազմի գործնական նախապատրաստում, դպրոցների անձնակազմերի կարողությունների բարելավում, ինչպես նաև ծրագրի ազգային փուլի ընդլայնում: