Գործադիրի այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստին որոշվեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Գալստյանին, իսկ սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Մարտիրոսյանին նշանակվեց Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ։ Այս որոշումն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։
Ըստ նախագծի՝ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծումը և սահմանային միջադեպերի կարգավորումը:
Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում համապատասխան լուծումներ կստանան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ռեժիմի պահպանման ընթացքում ի հայտ եկող տարաբնույթ հարցերը, ինչպես նաև կդյուրացվի սահմանային միջադեպերի կարգավորման գործընթացը: