Այսօր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Արդարադատության ակադեմիան հայտարարեցին նոր ուսումնական ծրագրի մասին, որի նպատակն է՝ բարելավել արդարադատության համակարգի աշխատակիցների կարողությունները երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում: Ծրագրի շրջանակում տրվեց «Անչափահասի պաշտպանությունը քրեական գործերով վարույթի ընթացքում» հեռաուսուցման դասընթացի մեկնարկը, որի նպատակն է դատավորներին և դատախազներին ծանոթացնել ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև անչափահասների արդարադատության համակարգերին և հիմնարար սկզբունքներին: Դասընթացի միջոցով կներկայացվեն իրավախախտում կատարած, հանցագործությունից տուժած կամ հանցագործության վկա անչափահասների սոցիալական վերականգնման հնարավորությունները, անչափահաս տուժողների և վկաների պաշտպանության ընթացակարգերը:
Անչափահասների արդարադատության հարցերով զբաղվող առանցքային դերակատարների՝ դատավորների, դատախազների, ինչպես նաև արդարադատության համակարգի այլ աշխատակիցների մասնագիտական վերապատրաստումները հատկապես կարևոր են անչափահասների գործերով առանձին դատարաններ չունենալու պարագայում: Իրավախախտում կատարած անչափահասի վերաբերյալ որոշումը բարդ գործընթաց է ենթադրում՝ ինչպես փաստերի ուսումնասիրման ու գնահատման, այնպես էլ՝ անչափահասների իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային և ներպետական իրավունքի նորմերի համակողմանի վերլուծության առումով։
Վերոնշյալ գործընթացի արդյունավետ իրականացումն անհնար է առանց երեխաների համար մատչելի արդադատության առանցքային հասկացությունների, սկզբունքների և ընթացակարգերի լավ իմացության, ինչի մասին շեշտեցին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը իրենց բացման խոսքում։
Սեպտեմբեր ամսից սկսած դասընթացին մասնակցելու ավելի քան 160 դատավորներ և դատախազներ են գրանցվել: Դասընթացը շուտով հասանելի կլինի նաև քննիչների համար:
2016թ. ի վեր ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Արդարադատության ակադեմիան համագործացկում են մասնագիտական ուսուցման ռեսուրսներ ստեղծելու նպատակով. Դրանք կօգնեն արդարադատության ոլորտը ավելի մատչելի դարձնել երեխաների համար, ինչպես նաև՝ բարելավել երեխայի իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում: Համագործակցության շրջանակներում նախատեսվում են նաև համատեղ սեմինարներ և համաժողովներ՝ արդարադատության ոլորտի հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ: