Կառավարության նոր որոշումն ուժի մեջ մտավ. այն վերաբերում է ջրամատակարարման համակարգին

Խմելու և ոռոգման ջրի մատակարարման, անօրինական գործողությունների կասեցման վերաբերյալ կառավարության նոր որոշումն այսօր ուժի մեջ է: Իրավական ակտը սահմանում է ինչպես ընդհանուր կանոններն, այնպես էլ բնակչի և մատակարարողի իրավունքներն ու պարտականությունները: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Խմելու ջուրը ոռոգման համար օգտագործման կարգավորման նպատակով սահմանել, որ`

1) բնակավայրերում և բնակավայրերի առանձին թաղամասերում, որտեղ չկան մակերևութային անհրաժեշտ ջրային աղբյուրներ և ոռոգման համակարգ, բայց կան խմելու ջրի բավարար պաշարներ և տեխնիկական հնարավորություններ, խմելու ջուրը կարող է պայմանագրային հիմունքներով տրամադրվել (բացի մեխանիկական եղանակով տրված ջրի) ոռոգման նպատակով` բացառապես բնակիչ բաժանորդներին.

2) խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու համար բաժանորդը, որն ունի առևտրային հաշվառքի սարք, դիմում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) համապատասխան ստորաբաժանում և վերջինիս հետ կնքում է խմելու ջուրը ոռոգման նպատակով օգտագործման օրինակելի պայմանագիր` համաձայն հավելվածի.

3) լիցենզավորված անձը, սույն որոշմանը համապատասխան, խմելու ջուրը ոռոգման և խմելու համար մատուցված ծառայությունների մասով վարում է առանձնացված հաշվառում:

3. Խմելու ջրի մատակարարման համակարգերից խմելու ջրի ապօրինի սպառումը և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերի ապօրինի օգտագործումն արձանագրելու նպատակով սահմանել, որ`

1) ապօրինի սպառումը` առանց լիցենզավորված անձի կողմից համապատասխան տեխնիկական պայմանների տրամադրման ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերին ինքնակամ միացումն է, ինչպես նաև առանց խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրի` խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայություններից օգտվելն է` բացառությամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով նախատեսված, ինչպես նաև անցումային ժամանակաշրջանում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքման դեպքերի.

2) ջրամատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) համակարգերից կատարված ապօրինի սպառումն արձանագրվում է լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի ներկայությամբ: Փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն` երկու օրինակից, մեկական` յուրաքանչյուր կողմի համար, որոնք ստորագրվում են լիցենզավորված անձի և ապօրինություն կատարած անձի կողմից: Ապօրինություն կատարած անձի կողմից արձանագրությունն ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրության որևէ դրույթին չհամաձայնելու դեպքում դրա մասին լիցենզավորված անձն արձանագրությունում կատարում է համապատասխան նշում` նկարագրելով պատճառները: Հայտնաբերված ապօրինի միացումը ենթակա է անջատման (ջրազրկման, խցափակման)` ապօրինի միացում կատարած անձի հաշվին: Ապօրինություն կատարած անձի չներկայանալու կամ նրա անհայտ լինելու դեպքում լիցենզավորված անձը կազմում է միակողմանի արձանագրություն.

3) ապօրինի սպառման հայտնաբերման դեպքում լիցենզավորված անձն ապօրինի միացմամբ օգտագործված խմելու ջրի և հեռացված (մաքրված) կեղտաջրերի օրական ջրաքանակները հաշվարկում է խմելու ջրի խողովակի ներանցման թողունակությամբ` ջրի շարժման 1,5 մ/վրկ արագությամբ, ջրամատակարարման հրապարակված համապատասխան տևողությամբ և կատարված միացման ժամանակահատվածով, սակայն ոչ ավելի, քան սույն կետի 4-րդ ենթակետում նշված ծավալների, եթե ապօրինություն կատարած անձը չունի այլ հիմնավորումներ: Ապօրինի սպառմամբ իրականացված ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) քանակը հաշվարկվում է` ելնելով տվյալ տարածքի ջրամատակարարման նպատակով (նաև լիցենզավորված անձի կողմից չսպասարկվող համակարգի) տեղադրված առևտրային հաշվառքի սարքի գրանցած օգտագործված ջրաքանակից, իսկ դրա բացակայության դեպքում` սույն կետում նշված պայմաններով.

4) այն դեպքում, երբ հնարավոր չէ որոշել և ամրագրել ապօրինի սպառմամբ իրականացված խմելու ջրի մատակարարման և (կամ) ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ժամանակահատվածը, ապա ապօրինի սպառման տևողության հաշվարկային մեծությունն ընդունվում է`

ա. բազմաբնակարան շենքի բնակչի (ֆիզիկական անձի) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված` հաշվարկված ծավալի տասնհինգապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` երեսնապատիկով,

բ. ոչ բազմաբնակարան շենքի բնակչի (ֆիզիկական անձի) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված` հաշվարկված ծավալի երեսնապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` վաթսունապատիկով,

գ. ոչ բնակչի (իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ) դեպքում` սույն կետի 3-րդ ենթակետում ներկայացված` հաշվարկված ծավալի իննսունապատիկով, իսկ ապօրինի սպառման հայտնաբերման օրվանից երկու տարվա ընթացքում միևնույն անձի մոտ կրկին ապօրինի սպառում հայտնաբերելու դեպքում` հարյուր ութսունապատիկով.

5) ապօրինի սպառում իրականացրած անձի կողմից համապատասխան հիմնավոր փաստաթղթեր ներկայացնելու դեպքում, որոնցով հաստատվում է այդ տարածքի նկատմամբ նրա սեփականության կամ այլ իրավական հիմքով օգտագործման իրավունքի առավել նվազ ժամանակահատված, ապա 4-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերություններով նախատեսված հաշվարկված ծավալների բազմապատիկներն ընդունվում են հավասար այդ ժամանակահատվածին.

6) օգտագործված խմելու ջրի և (կամ) հեռացված կեղտաջրի (մաքրված) քանակների դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկվում են` հիմք ընդունելով օրինակելի պայմանագրի 6.1-ին կետի 2-րդ ենթակետով կազմված արձանագրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված սակագներով և վճարվում է լիցենզավորված անձին` որպես սպառված ջրի դիմաց վճար:

2.1. Մատակարարի և բաժանորդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն պայմանագրով և այլ իրավական ակտերով:

2.2. Բաժանորդը պարտավոր է`

1) վճարել ոռոգման նպատակով օգտագործված ջրի դիմաց` սույն պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետում, մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 22-ը.

2) թույլ չտալ առևտրային հաշվառքի սարքի խախտում.

3) ջուրն օգտագործել ըստ պլան-ժամանակացույցի.

4) մատակարարի ներկայացուցչի կողմից ծառայողական վկայական ներկայացնելու դեպքում չխոչընդոտել նրա մուտքն իր սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք` առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցման, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերի առկայության համատեղ ստուգման նպատակով.

5) առևտրային հաշվառքի սարքի խափանման վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում անհապաղ տեղեկացնել մատակարարին.

6) մատակարարին տրամադրել համայնքի ղեկավարի կողմից հաստատված փաստացի բնակվողների վերաբերյալ փաստաթուղթ.

7) ջրամատակարարվող տարածքի նկատմամբ իրավունքի դադարման դեպքում դիմել մատակարարին` վերջնահաշվարկ կատարելու, սույն պայմանագիրը լուծելու և ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար:

2.3. Բաժանորդն իրավունք ունի`

1) պահանջելու, որ մատակարարն առևտրային հաշվառքի սարքի հետ կապված որևէ աշխատանք` ներառյալ դրա ապահավաքակցումը կամ ստուգաչափումը, իրականացնի իր ներկայությամբ.

2) ոռոգման սեզոնից դուրս ժամանակահատվածում դիմելու մատակարարին իր ջրաչափական սարքն ապահավաքակցելու համար.

3) մասնակցելու առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքի գրանցմանը:

2.4. Մատակարարը պարտավոր է`

1) ապահովել բաժանորդին ծառայությունների հուսալի մատուցումը.

2) իրականացնել առևտրային հաշվառքի սարքի կապարակնքումը.

3) իր հաշվին իրականացնել առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումը և ստուգաչափումը.

4) բաժանորդին իրազեկել ջրամատակարարման դադարեցման կամ ընդհատման և ջրամատակարարման վերականգնման պատճառների ժամկետների մասին բաժանորդին.

5) կազմել և բաժանորդին ներկայացնել մատուցված ծառայությունների քանակի և դրա դիմաց բաժանորդի կողմից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվություն.

6) գործարկել բաժանորդին հասանելի շուրջօրյա հեռախոսակապ.

7) ոռոգման սեզոնի ընթացքում բաժանորդի կողմից սպառված ջրաքանակից խմելու ջրի ծավալի տարանջատումը (հաշվարկը) կատարել հետևյալ չափաքանակներով` ըստ օրինակելի պայմանագրի անբաժանելի մասը կազմող պլան-ժամանակացույցի և 1 անձին օրական նախատեսված 200 լիտր խմելու ջրի չափաքանակով:

2.5. Մատակարարն իրավունք ունի`

1) բաժանորդին ծառայողական վկայական ներկայացնելով և վերջինիս սեփականությունը հանդիսացող կամ այլ իրավական հիմքով տիրապետվող տարածք մուտք գործելով` բաժանորդի հետ համատեղ ստուգելու առևտրային հաշվառքի սարքի ցուցմունքը, ապօրինի միացման կամ առևտրային հաշվառքի սարքի խախտման դեպքերի առկայությունը.

2) դադարեցնելու բաժանորդի ջրամատակարարումը և միակողմանի լուծելու սույն պայմանագիրը` բաժանորդի կողմից սույն պայմանագրի 2.2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պարտավորությունն առնվազն 2 անգամ անընդմեջ չկատարելու դեպքում:

 3. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

3.1. Պայմանագրային պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կողմերը պատասխանատվություն են կրում սույն պայմանագրով, օրենքով սահմանված կարգով:

3.2. Մատակարարը և բաժանորդը միմյանց պատճառած վնասի համար կրում են պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով»:

Որոշումն ամբողջությամբ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել