ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նորնշանակ անդամ Աբրահամ Բախչագուլյանն ունի 8 մլն դրամն անցնող հնաոճ իրերի հավաքածու։ Այս մասին նա նշել է իր հայտարարագրում՝ այն ներկայացնելով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 5-ի հրամանագրով Աբրահամ Բախչագուլյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ մինչև 2022թ․ նոյեմբերի 14-ը պատոնավարման ժամկետով։
Պարոն Բախչագուլյանի նոր հայտարարագրից տեղեկանում ենք, որ պաշտոնատար անձի դրամական միջոցները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 150 հազար դոլար, 2 մլն դրամ ու 20 հազար եվրո։
Նա եկամուտներ է ստացել վարձակալության դիմաց ստացած վճարներից՝ 3,1 մլն դրամի չափով։
Բացի այդ, պաշտոնյան ունի երկու ընկերություններում բաժնեմասեր՝ 50 հազար և 25 հազար ՀՀ դրամի աչփով։
Գույքից վերահսկիչ պալատի խորհրդի անդամին է պատկանում մեկ հողամաս և հասարակական նշանակության շինություն։
Աբրահամ Բախչագուլյանը ծնվել է 1977թ. սեպտեմբերի 22-ին Կիրովաբադ քաղաքում: 2000թ. գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կառավարման ֆակուլտետի “Կառավարում” բաժինը՝ ստանալով տնտեսագետ-մենեջերի որակավորում: 2003 թ. ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ասպիրանտուրան և պաշտպանել “Արժեթղթերի շուկայի վերլուծությունը վիճակագրական գործիքների կիրառմամբ” թեմայով թեկնածուական ատենախոսությունը՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2000-2001թթ. աշխատել է “Մելլաթ Բանկ” Դ/Բ ՓԲԸ-ում որպես դիլինգային գործառնությունների մասնագետ, 2003 – 2005թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական, 2003-2004թթ.՝ ՀՀ տնտեսական բարեփոխումների գիտահետազոտական ինստիտուտ, գիտաշխատող։ 2005- 2007թթ. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ է եղել, 2007 – 2011թթ.՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար, 2011- 2014թթ. ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։ Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Գևորգ Թոսունյան