Ուրախ ամառը Երևանում՝ 33 մլն դրամով

33 մլն 810 հազար ՀՀ դրամ․ այսքան գումար է տրամադրվել «Երևանյան ամառ 2017» մշակութային միջոցառումների համար։ Այդ նպատակով Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «Բրիդջ» ՍՊԸ-ի հետ, որի հիմնադիրը հանդիսանում է Ռաֆայել Արմենի Հովհաննիսյանը, տնօրենը՝ Նարեկ Չախոյանը, ով լիազորել է Սիրանուշ Սիմոնյանին գնման գործընթացում հանդես գալ ընկերության անունից։

Հայտարարված մրցույթին մասնակցել է միայն այս ընկերությունը, որի առաջարկած գինն էլ հաստատվել է։

Պայմանագրի համաձայն՝ հունիսին տեղի ունեցած միջոցառումների համար ծախսվել է 7,9 մլն ՀՀ դրամ, հուլիսին և օգոստոս ամիսներին կայանալիք միջոցառումներին նույնպես նախատեսվում է նույնքան գումար տրամադրել, իսկ «Երևան ամառ 2017» ամփոփիչ համերգային ծրագիրը կարժենա 9,9 մլն դրամ։

Հուլիսին նախատեսվում է կազմակերպել մանկական միջոցառումներ, ինչպես նաև 2 ժամ տևողությամբ համերգային ծրագիր։ Ամփոփիչ միջոցառումների շրջանակում նախատեսվում է Կարապի լճի տարածքում կազմակերպել հերթական համերգային ծրագիրը 2 ժամ տևողությամբ։

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել