Ի՞նչ կարողություն ունի Հովհաննես Հովսեփյանը

ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը 2017թ․ ստացել է 50 հազար և 120 հազար դոլարի նվիրատվություններ։  Պարոն Հովսեփյանը, ով նախկինում Պետական եկամուտների կոմիտեի նախագահն էր, նոր պաշտոնը ստանձնեց այս տարվա մայիսի 23-ին։

Այս տարի ներկայացրած հայատարարագրի համաձայն՝ նա ունի 6 բնակարան, նույնքան հողամաս և մեկ ավտոտնակ, ինչպես նաև 8 մլն դրամն անցնող նկարների հավաքածու։

Պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 188 մլն դրամ և 1,8 մլն դոլար։

2017թ․ հունվարի մեկից մինչև պաշտոնը ստանձնելու օրը ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը եկամուտներ է կուտակել վարձակալության դիմաց ստացած վճարներից՝ 9,7 մլն դրամի չափով, տրված փոխառություններից՝ 100 հազար դոլար, ինչպես նաև նվիրատվություններից։

Առաջին խոշոր նվիրատվությունը պարոն Հովսեփյանը ստացել է 2011թ․-ին՝ 1,6 մլն դրամի չափով, այդպես շարունակ նրան ամեն տարի դոլարով նվիրատվություններ են կատարել, ընդհանուր առմամբ՝ 2011թ․ առ այսօր պաշտոնյան ստացել է 3,2 մլն դոլարի նվիրատվություն։

Հիշեցնենք՝ երբ Հովհաննես Հովսեփյանը զբաղեցնում էր ՊԵԿ նախագահի պաշտոնը, լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե որտեղից նրան նման նվիրատվություններ, պաշտոնյան պարզաբանեց, որ այդ գումաները նա ստանում է ռուսաստանաբնակ գործարար եղբորից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել