Կառավարության որոշումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է կառավարության հունիսի 1-ի որոշումը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի ներկայացուցչի վերաբերյալ.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 85-րդ հոդվածով, 89-րդ հոդվածի 6-րդ կետով և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի 35-րդ կանոնով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Գևորգ Կոստանյանին (համաձայնությամբ) լիազորել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ (այսուհետ՝ դատարան) հարաբերություններում հանդես գալ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ (այսուհետ՝ ներկայացուցիչ):
2. Սահմանել, որ՝
1) ներկայացուցիչը դատարանում ներկայացնում ու պաշտպանում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այդ թվում՝ իրականացնում է դատարանի կանոնակարգով կողմին վերապահված բոլոր լիազորությունները, ինչպես նաև վերահսկում է Հայաստանի Հանրապետության վերաբերյալ կայացված պարտավորեցնող վճիռների և որոշումների կատարման ընթացքը.
2) իր լիազորությունները պատշաճ մակարդակով և արդյունավետ իրականացնելու նպատակով ներկայացուցիչն իրավասու է առաջարկելու իրականացնել դրանց կատարումից բխող անհրաժեշտ միջոցառումներ, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական կազմակերպություններից պահանջել ու ստանալ փաստաթղթեր, տեղեկություններ և այլ անհրաժեշտ օժանդակություն: Նշված մարմինները պարտավոր են ներկայացուցչի նշած ժամկետներում նրան տրամադրել պահանջվող փաստաթղթերը, տեղեկությունները և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն.
3) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության անընդհատությունն ապահովելու համար ներկայացուցչին կարող է փոխարինել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ), որին որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` ներկայացուցչի առաջարկությամբ.
4) դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով ներկայացուցչին աջակցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչությունը, որի աշխատանքներն ի պաշտոնե համակարգում է տեղակալը.
5) ներկայացուցիչն իր լիազորությունների իրականացման համար չի վարձատրվում: Ներկայացուցչի գործունեության հետ կապված այլ ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել