Արտեմ Ասատրյանը վերանշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնին։ Ստորև ներկայացնում ենք նրա կենսագրությունը․
Ծնվել է 1972թ. մայիսի 23-ին, Երևան քաղաքում:
1979-1989թթ. ավարտել է Երևանի թիվ 194 միջնակարգ դպրոցը` ոսկե մեդալով,
1989-1994թթ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը` ստանալով տնտեսագետի որակավորում` էկոնոմիկայի պետական կարգավորում մասնագիտացմամբ:
1995-1997թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում` ստանալով պետական ծառայողի որակավորում` պետական կառավարում և տեղական ինքնակառավարում մասնագիտացմամբ:
2000-2003թթ. սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրայում և Հայաստանի տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում և պաշտպանել թեկնածուական թեզ` “ՀՀ կենսաթոշակային ապահովության հիմնախնդիրները աղքատության հաղթահարման գործում” թեմայով` ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Մասնագիտական վերապատրաստում է անցել Հարվարդի համալսարանում (ԱՄՆ), Համաշխարհային բանկի ինստիտուտում, ինչպես նաև Շվեդիայի, Լեհաստանի, Ավստրիայի, Իսրայելի, Բուլղարիայի և Ուկրաինայի մի խումբ կրթական հաստատություններում:
Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, վերլուծությունների, հետազոտական աշխատությունների:
Աշխատել է. 1998թ.` ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամում` որպես բաժնի պետ, 1998-2006թթ.` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովագրության և կենսաթոշակային ապահովության վարչության պետ, 2006-2007թթ.` ՀՀ աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն, 2007-ից սկսած զբաղեցրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը` համակարգելով մի շարք ռազմավարական ոլորտներ, 2011թ. մարտից համատեղության կարգով ղեկավարել է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Ղեկավարում է նաև Հայաստանի կենսաթոշակային բարեփոխումների կառավարման խորհուրդը: Նրա անմիջական ղեկավարությամբ մշակվել են Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային համակարգի բարեփոխումների իրականացման, սոցիալական ապահովության քարտերի և անհատական հաշվառման համակարգերի ներդրումն ապահովող ռազմավարությունների, հայեցակարգերի, օրենքների, կառավարության որոշումների նախագծեր և այլ կարևոր փաստաթղթեր:
1994-1995թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
ՀՀ նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Արդյունավետ կառավարման համար արժանացել է նաև ՀՀ վարչապետի հուշամեդալի, բազմաթիվ մրցանակների և շնորհակալագրերի:
2004թ. մայիսին ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
2012թ. հունիսի 16-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:
Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուների:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է: