Փաստաբանի և իր վստահորդի միջև ձևավորվում են յուրահատուկ հարաբերություններ, որոնց ուժով փաստաբանը պարտավորություններ է ձեռք բերում որևէ կերպ չվնասել իր վստահորդին և չկատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վնասել իր վստահորդի շահերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Մասնավորապես, փաստաբանն իրավունք չունի`
1) հայտարարություններ անելու վստահորդի մեղավորության ապացուցված լինելու վերաբերյալ, եթե վերջինս ժխտում է դա.
2) հրապարակելու վստահորդի կողմից իրավաբանական օգնություն ցույց տալու կապակցությամբ իրեն հայտնած տեղեկությունները` առանց վստահորդի համաձայնության:
Փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն:
Փաստաբանն իրավունք ունի հրաժարվելու վստահորդի նկատմամբ իր ստանձնած պարտավորությունից միայն օրենքով, ինչպես նաև վստահորդի հետ կնքված պայմանագրով նախատեսված դեպքերում:
Վստահորդն իրավունք ունի ցանկացած պահի հրաժարվելու փաստաբանի ծառայությունից՝ փոխհատուցելով նրա արդեն մատուցած ծառայության դիմաց:
«Վստահորդի շահերը ներկայացնելուց հրաժարվելու դեպքում փաստաբանը պարտավոր է հրաժարվելու մասին ժամանակին տեղեկացնել վստահորդին, մինչև իր հեռանալը բավարար ժամանակ տրամադրել նրան նոր փաստաբան ընտրելու համար, վստահորդին հանձնել գործին վերաբերող իր մոտ եղած փաստաթղթերը»- Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի փաստաբան Արփինե Եղիկյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net