Կառավարության մայիսի 25-ի նիստին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելու է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագիծ:
Այս նախագիծը հիմնավորվում է այսպես.
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է դատարաններում այնպիսի դատական վեճերի առկայությամբ, որոնց լուծման արդյունքում ԴԱՀԿ ծառայության վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցումը պետական բյուջեի միջոցներից, առաջացնում է լրացուցիչ` չնախատեսված միջոցների հատկացման անհրաժեշտություն:
Արդյունքում` ՀՀ պետական բյուջեի վրա առաջացող լրացուցիչ բեռի խնդրի կարգավորման նպատակով այս փոփոխությամբ նախատեսվում է, որ հարկադիր կատարողի գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը կատարվում է հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի հաշվին:
Հատկանշական է, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1816-Ն որոշմամբ հաստատված ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կանոնադրության 20-րդ կետի «թ» ենթակետի համաձայն` «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդը ծախսվում է անհիմն գանձված վարչական տուգանքների վերադարձման, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայողի ապօրինի գործողությունների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման համար: Հետևաբար` առաջարկվող փոփոխության կատարման արդյունքում կապահովվի միասնական մոտեցում վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում և միևնույն ժամանակ, հնարավորություն կընձեռնվի թեթևացնել այս մասով ՀՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի` 01.12.2016 թվականի` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նյութական խրախուսման և համակարգի զարգացման արտաբյուջետային միջոցների վերաբերյալ հանձնարարականով: