ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ընդունելություն

ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է ավագ դպրոցի 10, 11 և 12-րդ դասարանների համար ընդունելություն։ Կրթությունը ռազմամարզական վարժարանում իրականացվելու է «Այբ» կրթական հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ միջազգայնորեն ճանաչված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագրով:
2017 թվականից Դիլիջան քաղաք տեղափոխված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ստեղծված են ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող հրաշալի պայմաններ ուսումնառության և ազատ ժամանցի համար։ Ռազմամարզական վարժարանի սաները, մասնավորապես, տեղավորվելու են 3-4 հոգանոց, ջեռուցվող, օդափոխվող, առանձին լոգասենյակներով հարմարավետ սենյակներում։ Վարժարանում գործում են ժամանակակից վարժասարքերով հագեցած մարզադահլիճներ, լողավազան, ֆուտբոլի, բասկետբոլի և մեծ թենիսի խաղահրապարակներ։

Վարժարանի բարձրակարգ ճաշարանում մատուցվելու է որակյալ սնունդ։ Վարժարանը հոգում է սաների կեցության, սննդի և հագուստի ծախսերը։ Ուսումնական շաբաթը երկուշաբթիից-ուրբաթ է։ Հանգստյան օրերին սաները կարող են մեկնել տուն կամ մնալ վարժարանում։
Վարժարան ընդունվել ցանկացող պատանիները մայիսի 10-ից հունիսի 26-ը պետք է ներկայացնեն դիմում ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Այն կարելի է ներկայացնել նաև առցանց՝ ներբեռնելով դիմումի օրինակը, լրացնելով այն և ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
(ՆԵՐԲԵՌՆԵԼ ԴԻՄՈՒՄԻ ՕՐԻՆԱԿԸ)
ՀՀ ՊՆ Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում (ծնողի և դիմորդի կողմից, լրացվում է առցանց կամ ՀՀ պաշտպանության նախարարությունում, հասցե՝ ք. Երևան, Բագրևանդի 5),
2. Տեղեկանք հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացվում է անձամբ, հաշվառման պոլիկլինիկայից),
3. Ձև 63 և 26 (կնքված, հաշվառման պոլիկլինիկայից),
4. Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),
5. 9-ամյա կրթության վկայականը և պատճենը, (10-րդ և 11-րդ դասարանցիները նաև գնահատականների ամփոփագիրը)
6. Ծննդյան վկայականը և պատճենը,
7. 3×4 չափսի 4 լուսանկար (առանց գլխարկի),
9. Բժշկական զննում և հետազոտություն, անհրաժեշտ փաստաթղթեր (իրականացվում և տրվում է ՀՀ ՊՆ համապատասխան բժշկական հաստատությունում).
Ընդունելության քննություններ հանձնելուց առաջ դիմորդներն անցնում են բժշկական զննում և հետազոտություն, որն ԱՆՎՃԱՐ է։ Բժշկական զննման և հետազոտության արդյունքներով ոչ պիտանի ճանաչված դիմորդները չեն կարող մասնակցել ընդունելության քննություններին: Դիմորդների բժշկական զննումը և հետազոտությունը կազմակերպում է ՀՀպաշտպանության նախարարությունը 2017թ. հունիսի 27-ից 30-ը:
Ֆիզիկական պատրաստության քննությունը կազմակերպվելու է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից և անցկացվելու է 2017թ. հուլիսի 1-ից 7-ը ընկած ժամանակահատվածում:
Առարկայական ընդունելության քննություններն անցկացվում են մրցութային կարգով, հետևյալ առարկաներից.
• Հայոց լեզու
• Մաթեմատիկա
Առարկայական քննությունները կազմակերպում և անցկացնում է «Այբ» կրթական հիմնադրամը հուլիսի 8-ից 10-ը ընկած ժամանակահատվածում՝ «Այբ» դպրոցում, հասցե՝ ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 11/11:
Առարկայական քննությունները ավարտելուց հետո՝ հուլիսի 12-ից 17-ը ընկած ժամանակահատվածում, հանձնաժողովը դիմորդի հետ անցկացնում է հարցազրույց։
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելությունն ամփոփվում է ընդունող հանձնաժողովի կողմից հուլիսի 18-ից մինչև հուլիսի 28-ը ընկած ժամանակահատվածում:
ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ընդունելության հետ կապված լրացուցիչ տեղեկատվություն (անհրաժեշտ փաստաթղթեր, տեղ, ժամ) հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղակայված ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հեռախոսով, էլ. կայքի միջոցով։

Հասցե՝ ք. Երևան, Բագրևանդի 5
Էլ. հասցե՝[email protected]
Հեռ.՝ /010/ 29 – 43 – 90, կամ թեժ գիծ՝ 1-28

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել