Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցությանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներին:
«Նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր ծրագրին: Սա իսկապես պարտավորեցնող է ու ակնկալում եմ, որ այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը: Քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ նոր առաջարկներ, մենք պետք է դրանք բազմակողմանի քննարկենք, անհրաժեշտության դեպքում դրանք դարձնենք ծրագրային առաջնահերթություններ ու կյանքի կոչելով ապահովենք Երևանի շարունակական զարգացումը: Համոզվա՛ծ եմ, որ մեր թիմը կարո՛ղ է արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները՝ ամբողջությամբ իրականացնելով բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր համաքաղաքացիներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն