ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լևոն Արազյանը, ում նկատմամբ մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար, իրեն մեղավոր չի ճանաչում։ Իրավաբան.net-ին հաղորդեց դատավորի իրավունքների պաշտպան Հովհաննես Սուքիասյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ դատավորը առողջական խնդիրներ ունի։
ՀՔԾ-ի տվյալներով՝ դատավորը ձերբակալվել է Վեդի քաղաքի իր նստավայրում գտնվող դատարանի շենքում՝ պահանջած կաշառքը Գ. Շ.-ից անձամբ ստալուց հետո, հարցին, թե արդյոք բռնություն չի կիրառվել դատավորը իրավապահ մարմինների կողմից, փաստաբանը պատասխանեց․ «Ոչ բռնություն իր իրավաբանական իմաստով չի եղել»։
Դատավորի ձերբակալումից հետո լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել ինչպես կաշառք ստանալու ժամանակ տեղի ունեցածի, այնպես էլ դատավորի եկամուտների մասին, փաստաբանն, այս լուրերին անդրադառնալով, նշեց․ «Գրում են «կաշառակեր դատավորը», չի կարելի նման բաներ գրել մարդկանց մասին, քանի մեղադրող դատավճիռ չկա մարդու նկատմամբ, բացի այդ գրում են, որ դատավորը գույքեր ունի և այլն, ստացվում է, որ դատավորի բերակամությունը իրավունք չունի բիզնեսով զբաղվել և այլն, այդ պիտակավորումները սխալ են»,- ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք՝ դատավոր Լևոն Արազյանը կալանավորվել է ամսի 13-ին, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ ամբաստանյալի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար նրանից անձամբ 600 դոլար կաշառք պահանջելու և ստանալու համար: