Շտապ հաղորդում հանցագործության մասին. «Երկիր Ծիրանի»

Այսօր` 14. 05. 2017թ. առավոտյան ժամը 08:00-ից «Երկիր Ծիրանի» կուսակցության վստահված անձինք շրջում են Երեւանի ընտրատեղամասերում եւ արձանագրում տեղամասերում կուտակումներ 2-5 մետր շառավղով, որտեղից Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները, պետական ծառայողները եւ, այսպես կոչված, թաղային հեղինակությունները քաղաքացիներին ուղղորդում էին դեպի ընտրատեղամասեր:
Տարոն Մարգարյանի` Ավան վարչական շրջանի շտաբներից մեկում, որը տեղակայված է Աճառյան թիվ 22 հասցեում, Զարուհի Փոստանջյանը հայտնաբերեց հանցագործության փաստ` ընտրակաշառք ստացած անձանց ցուցակներ: Զարուհի Փոստանջյանի կողմից ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանները խուսափել են հանցագործության փաստերն արձանագրելուց: Դեռ ավելին, ապօրինի գործողություններ են կիրառել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նկատմամբ, ով հանդիսանում է անձեռնմխելի անձ, եւ փորձել են նրան բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Հասկանալով եւ վախենալով, որ անձեռնմխելի պետական բարձրաստիճան պաշտոնյային չեն կարող բերման ենթարկել, այդուհանդերձ, կոպիտ եւ բիրտ միջոցներ կիրառելով` ոստիկանները մարմնական վնասվածքներ հասցնելով ոստիկանության մեքենա քաշքշելով տարել են Զարուհի Փոստանջյանին և նրա դստերը` Լիլիթ Դրամփյանին: Այնուհետեւ, փորձելով խուսափելով ապօրինի գործողությունները շարունակելուց, Զարուհի Փոստանջյանին ազատ են արձակել, իսկ դստերը ոստիկանության բաժանմունք տեղափոխելու ճանապարհին առանց մեկնաբանության անօգնական վիճակում թողել են փողոցում: Ներկայումս Զարուհի Փոստանջյանն ու իր դուստրը մարմնական վնասվածքներ ստանալու հետեւանքով գտնվում են բժշկական հսկողության ներքո:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ի դեմս Զարուհի Փոստանջյանի, խստորեն դատապարտում է ոստիկանների եւ նրանց հովանավորյալ Հանրապետական կուսակցության կողմից օրենքի եւ իրավունքի` նման ցինիկ եւ բացահայտ օրինախախտումներն ու ոտնձգությունները եւ հետամուտ է լինելու հանցագործներին պատասխանատվության կանչելու գործում:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
14. 05. 2017թ.
Երեւան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել