Հայաստանի «Հանրապետական» կուսացկությունը հայտարարություն է տարածել, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Հայտարարությունում, մասնավորապես՝ ասվում է.
«Շարունակվում են Երևան քաղաքի ավագանու ընտրությունները: Օգտվելով առիթից շնորհակալություն ենք հայտնում իրենց քաղաքացիական պարտքը կատարող մեր համաքաղաքացիներին:
Վստահ ենք, որ մրցակցային և հագեցած քարոզարշավի շնորհիվ երևանցիները ծանոթացան բոլոր մասնակիցների ծրագրերին և ունեն գիտակցված ու ազատ ընտրություն անելու բոլոր հնարավորությունները:
Միաժամանակ հորդորում ենք մեր մրցակիցներին զերծ մնալ ՀՀԿ շտաբերի բնականոն գործունեությունը խոչընդոտելու քայլերից, խստորեն դատապարտում ենք բանսարկությունների, ցուցադրական ակցիաների միջոցով ընտրական գործընթացը ստվերելու փորձերը, իրավապահ մարմիններին կոչ ենք անում շարունակական ջանքեր գործադրել ընտրությունների օրինական ընթացքը ապահովելու համար, իսկ լրատվական միջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք ցուցաբերել անաչառ և անկողմնակալ վերաբերմունք»: