ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից հարևան Այրք գյուղ գնացող ջրագծի սառչելը կռվի առիթ էր դարձել, ինչի արդյունքում մեղադրանք է առաջադրվել Խաչատուր Երանոսյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն նա 2016թ. նոյեմբերի 23-ին տեղեկացել է, որ ջրագծի սառչելու կապակցությամբ Այրք գյուղի բնակիչներից մեկը հեռախոսազրույց է ունեցել Երանոսյանի հոր՝ Վերին Շորժա համայնքի ղեկավար Ա. Երանոսյանի հետ:
Նա իր «UAZ 315195» մակնիշի ավտոմեքենայով Վարդենիս քաղաքից գնացել է Այրք գյուղ, որտեղ, ժամը 18:30-ի սահմաններում, տեսնելով գյուղամիջյան ճանապարհին գտնվող վերոնշյալ բնակչին և նրա համագյուղացիներին, կանգնեցրել է ավտոմեքենան ու իջել մեքենայից, բացահայտ մարտահրավեր նետելով հասարակությանը, արհամարելով հասարակության և բարոյականության նորմերը:
Երանոսյանը խուլիգանական դրդումներով՝ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտել է: Սեփական անձի առավելությունը ընդգծելու մոլուցքով, հայտարարել է, որ դատավորն իր բարեկամն է, եղբայրը անձնագրային բաժնի պետն է, ոստիկանությունն էլ է իրենը: Դրանից հետո բռնություն է գործադրել, իր կողմից ապօրինի կրած «Կոլտ» մոդելի գազային ատրճանակով կրակոցներ է արձակել գյուղացու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս ուշագնաց է եղել, իսկ ներկա գտնվող մյուս անձանց ինքնազգացողությունը վատացել է:
Դեպքի վայրից որպես իրեղեն ապացույց առգրավվել են 2 հատ 9 մմ տրամաչափի ձայնային և գազային փամփուշտների կրակված պարկուճները:
Խաչատուր Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը: Գործը քննվում է դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: