Աշոտ Ահարոնյանը իրազեկում է ՌԴ-ում ՀՀ-ի վարորդական իրավունքի վկայականի գործածության մասին

ՀՀ քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես ՀՀ ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են առանց խոչընդոտների Ռուսաստանի Դաշնության տարածքում վարել տրանսպորտային միջոցներ ինչպես Հայաստանի Հանրապետության ազգային, այնպես էլ միջազգային (ազգայինի հետ միասին) վարորդական վկայականներով: Իսկ ինչ վերաբերում է որևէ երկրի տարածքում անմիջականորեն տրանսպորտային միջոց վարելու հետ կապված ձեռնարկատիրական և (կամ) աշխատանքային գործունեության իրականացմանը (օրինակ՝ տաքսու կամ երթուղային ավտոբուսի վարորդ կամ առաքիչ աշխատելը), ապա այդ դեպքում վարորդական վկայականի կիրառության հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:
Ճանապարհային ոստիկանություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել