ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն՝ ակնհայտ անհիմն հայցը դատարանի կողմից մերժվելու դեպքում պատասխանողն իրավունք ունի ընդդեմ հայցվորի հայց հարուցել նույն դատարան՝ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով:
Այսինքն՝ արդար դատաքննության իրավունքից անբարեխիղճ օգտվելը կարող է վնասներ հատուցելու պարտականություն առաջացնել: Նման դեպքերում մեղքի առկայության և վնասների հատուցման հիմք է հանդիսանում դատարանի կողմից հայցն ակնհայտ անհիմն ճանաչելը: Այս դեպքում միայն պատասխանողն իրավունք ունի վնասների հատուցման պահանջով դիմելու դատարան:
Այսպիսով, վերը նշված հիմքով դատարանի կողմից ակնհայտ անհիմն գնահատված հայց ներկայացրած անձի դեմ վնասների հատուցման պահանջով դատարան դիմելու դեպքից զատ որևէ այլ դեպքում պատասխանողի մոտ հայցվորի նկատմամբ դատարան դիմելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջի իրավունք չի առաջանում:
Վերը նշված դատավարական նորմի վերլուծությունից հետևում է, որ հոդվածով մատնանշված կանոնի կիրառման համար օրենսդիրը պահանջում է երեք իրավաբանական նշանակություն ունեցող, ապացուցման ենթակա էական փաստերի միաժամանակյա առկայություն, այսինքն` պահանջի առարկան ենթակա է հաստատման ներքոհիշյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի համակցությամբ.
• հայցը ոչ միայն անհիմն, այլև` ակնհայտ անհիմն է, երբ կողմը
օգտվել է արդար դատաքննության իր իրավունքից անբարեխիղճ կերպով,
• հայցը դատարանի կողմից ենթակա է մերժման,
• պատճառվել է վնաս, ինչքան է դրա չափը:
Աղբյուրը` Իրավաբան.net