ԱԺ ընտրություններ․ ինչպե՞ս են թեկնածուները պայքարելու կոռուպցիայի դեմ

Ազգային ժողովի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին մասնակցում է 5 դաշինք և 4 կուսակցություն, նրանցից մի քանիսը խորացված, մյուսներն էլ մակերեսային կերպով անդրադարձել են հակակոռուպցիոն պայքարին։

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում մեկ բաժնով անդրադարձ է կատարվում արդարադատությանը և կոռուպցիայի դեմ պայքարին․«Ինչպես մեր քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, այնպես էլ ժողովրդավարությունը, պաշտպանության կարիք ունեն, նախևառաջ՝ պաշտպանությունից կոռուպցիայից, որն ծնում է կամայականություն, անազատություն և անարդարություն»,- ասվում է բաժնում։

ՀՀԿ-ն առաջարկում է հետևյալ լուծումները՝
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չներակայցնելու կամ կեղծ հայտարարագիր ներակայացնելու դեպքում վարչական կամ քրեական պաատսխանատվություն,

Ապահովել «ապօրինի հարստացման» հանցակազմի կիրառումը,

Ապահովել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում,

Ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը,

Ներդնել ազդարարների պաշտպանության և շահերի բախման դեպքերի կանխարգելման գործուն համակարգ։

Ծրագրում դատական համակարգին տրվում է «ցածր վարկանիշ ունեցող» գնահատականը։

Պետք է արմատախիլ անել կեղծարարության, խաբեության, փչացածության (կոռուպցիայի) արատավոր ավանդույթները: Վստահ են «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքում։ Այս դաշինքը նաև խոստանում է Կիրառել կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը հետադարձ ուժով` սկսած 1991 թվականից, եւ պետբյուջե վերադարձնել ապօրինի հարստացմամբ ձեռք բերված միջոցները:

«Ծառուկյան» դաշինքը ներկայացրել է 15 առաջնահերթություններ, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարի մասին չի խոսվում, միայն կետ կա, որով դաշինքը խոստանում է «Մաքսային ոլորտում վերացնել, այսպես կոչված, «հսկիչների» կիրառումը»։

«Ելք»-ի 5-րդ բաժինը նվիրված է կոռուպցիայի դեմ պայքարին, առաջին կետով նախատեսվում է լուծարել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը և ստեղծել անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմին:

Երկրորդ՝ ԱԺ էթիկայի հանձնաժողովի գործառույթների շրջանակը կընդլայնվի այնպես, որ պետական բարձրաստիճան պաշտոն ստացող
յուրաքանչյուր անձի կենսագրությունը և գործունեությունը հրապարակային քննվի հանձնաժողովում, և հանձնաժողովը եզրակացություն տա տվյալ անձի՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա պիտանելիության մասին: Միաժամանակ, ըստ ծրագրի, անհրաժեշտ է նորացնել և կոնկրետացնել բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները:

ՀՀ պետական պաշտոնի հավակնող և նման պաշտոն զբաղեցնող անձինք, ինչպես նաև նրանց հետ փոխկապակցված անձինք, համաձայն ծրագրի, պետք է նոտարական կարգով լիազորեն համապատասխան լիազոր մարմնին՝ աշխարհի ցանկացած բանկում և ֆինանսական կազմակերպությունում, ցանկացած երկրի տարածքում իրենց անունից փնտրել և ստանալ տեղեկություններ իրենց անունով հաշվեհամարների առկայության, ստեղծման օրից դրանց շարժի և մնացորդի, ինչպես նաև իրենց անունով շարժական, անշարժ գույքի և արժեթղթերի առկայության մասին: Նման լիազորագիր տալուց հրաժարվող անձինք չեն կարող լինել բարձրաստիճան պաշտոնյա:

Պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բարձրաստիճան պաշտոնյայի և նրա հետ փոխկապակցված
անձանց այն գույքի, դրամական միջոցների, բաժնեմասերի և բաժնետոմսերի ծագումնաբանությունը, որի գինը ձեռք բերելու պահին գերազանցում է այդ անձանց վերջին հինգ տարվա համատեղ աշխատավարձի 10-ապատիկը, պետք է ԱԺ էթիկայի հանձնաժողովում ենթարկվի հրապարակային և դռնբաց քննության:

Բացի այդ, դաշինքը նախատեսում է քննարկել բարձրաստիճան պաշտոնյաների՝ պաշ- տոնավարման ընթացքում անհիմն հարստացման արդյունքում ձեռք բերված ունեցվածքի հարկման մեխանիզմի ներդրման հնարավորությունը, ինչպես նաև աուդիտի ենթարկել Հայաստանի արտաքին պարտքը։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը երկու կետ ունի՝

1․ պետական գնումների ու ծախսային քաղաքականության հատվածում պետք է կոշտ վերահսկողություն ապահովել եւ թույլ չտալ «լեգալ» կոռուպցիոն մեխանիզմի գործարկումը,

2․Դատաիրավական համակարգի անկախության եւ քաղաքացիների իրավունքների պաշտպանության բարձր մակարդակին հասնելու, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարելու լավագույն մեխանիզմն իշխանական ճյուղերի տարանջատումն է, տնտեսաքաղաքական հարաբերությունների ապամենաշնորհացումը եւ ընտրական լեգիտիմ համակարգի առկայությունը, որը կկատարվի նոր Սահմանադրությամբ:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մեկ կետով է շարադրել իր պատկերացումները՝ կոռուպցիայի դեմ պայքարում, այն է․ «Ընդիմության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությամբ ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին: Այն պետք է զբաղվի
կոռուպցիայի աղաղակող և հանրության ուշադրության կենտրոնում գտնվող դեպքերով, այլ ոչ թե աշխատանքի պատրանք ստեղծի»:

«Հայկական վերածնունդ» կուսակցության առաջին կետը կոռուպցիայի դեմ պայքարի մասին է, ծրագրում ասվում է․ «Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային մարմնի ստեղծում, երկրից ապօրինի դուրս բերված գումարների վերադարձ և ապօրինի հարստացման մեխանիզմների ներդրում, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի և արդարության գերակայության ամրապնդում, ժողովրդավարության զարգացում, դատական համակարգի արդիականացում, հաշվետու և թափանցիկ իշխանության ձևավորում, սահմանադրական փոփոխությունների նախաձեռնում` երաշխավորելով իշխանության թևերի հավասարակշռում՝ նաև գործող խորհրդարանական մոդելի սահմաններում»։

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն առաջարկում է բյուջեի եկամուտների ավելացում, ստվերի և կոռուպցիայի կրճատում․ «Հարկային պարզ և առանց արտոնությունների համակարգը թույլ կտա էապես կրճատել կոռուպցիան, հիմքեր կստեղծի հարկային վարչարարության համար»,- ասվում է կուսակցության ծրագրում։

Կոմունիստական կուսակցության անդամներն էլ վստահ են, որ իրենց «կհաջողվի ոչ վաղ անցյալի հասարակության տնտեսական զարգացման վիթխարի փորձի հիման վրա մշակել և իրականացնել սոցիալական ոլորտի արմատական վերափոխումներ, որոնք կապահովեն բարեկեցիկ կյանքի պայմաններ, անհրաժեշտ պայքար մղել կոռուպցիայի և մենաշնորհների դեմ՝ ապահովելով պատշաճ օրինականություն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել